կարևոր
1002 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-21 17:57

Պետությանը հանձնվող ռազմական նշանակության և որոշ այլ ապրանքների ներմուծումը ԵԱՏՄ-ից ազատվեց հարկերից

Պետությանը հանձնվող ռազմական նշանակության և որոշ այլ ապրանքների ներմուծումը ԵԱՏՄ-ից ազատվեց հարկերից

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր հարկերից ազատել Պաշտպանության նախարարությանը, Արտակարգ իրավիճակների նախարարությանը և Առողջապահության նախարարությանը հանձնվող՝  ռազմական, հումանիտար և առողջապահական նշանակության ապրանքների ներմուծումը ԵԱՏՄ անդամ երկրներից: «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունվեց միաձայն 74 «կողմ» ձայնով:

Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում օրենքի նախագծում արվել են որոշ փոփոխություններ:

Օրենքի նախագծով սահմանվում է, որ ռազմական դրության ժամանակահատվածում հարկ վճարողների կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություններից Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող, կառավարության հաստատած ցանկում ներառված ապրանքների ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից, ակցիզային հարկից և (կամ) բնապահպանական հարկից՝ այդ ապրանքները ռազմական դրության ժամանակահատվածում Պաշտպանության նախարարությանը, Արտակարգ իրավիճակների նախարարությանը և (կամ) Առողջապահության նախարարությանը անհատույց (նվիրատվությամբ) մատակարարելու դեպքում:

Առաջարկվում է հնարավորություն ընձեռել, որ կազմակերպությունները և ֆիզիկական անձինք Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություներից ներմուծվող և այնուհետ երեք պետական կառավարման մարմինների՝ ՊՆ-ին, ԱԻՆ-ին և ԱՆ-ին հանձնվող, համապատասխանաբար, ռազմական, հումանիտար և առողջապահական նշանակության ապրանքները կարողանան հանձնել առանց հարկային պարտավորությունների: Պայմանն այն է, որ մինչև ռազմական դրության ավարտը խնդրո առարկա ապրանքները, որոնք առաջարկվում է, որ սահմանվեն կառավարության կողմից, հանձնվեն hիշյալ գերատեսչություններին, և այդ հանձնումը փաստաթղթավորվի համապատասխան հաշվարկային փաստաթղթերով:

Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 27-ից հայտարարվել է ռազմական դրություն՝ պայմանավորված Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողություններով: