19.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.15 -0.64 | |
GBP | 479.66 -9.52 | |
EUR | 407.5 -5.31 | |
GEL | 145.36 -0.21 | |
RUB | 6.87 +0.04 |
Շրջակա միջավայրի նախարարությունը համապատասխան գրությամբ դիմել է բնապահպանական կոնվենցիաների գործադիր քարտուղարներին, միջազգային կազմակերպություններին ու գործընկերներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Արցախի դեմ շփման գծի ողջ երկայնքով սանձազերծված թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հումանիտար և բնապահպանական աղետի առկա վտանգի վրա։ Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
«Ռազմադաշտում դիակների հետ կապված իրավիճակը արդեն դուրս է գալիս վերահսկողությունից․ տեսագրող սարքերը տեսագրել են, թե ինչպես են վայրի կենդանիները ուտում դիակները։ Նման հումանիտար աղետը կարող է հանգեցնել սոսկալի մարդկային և բնապահպանական խնդիրների՝ այդ թվում նաև կենդանիների միջոցով տարբեր վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածմանը։ Այս հետևանքները չեն սահմանափակվի միայն Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով, այլ վտանգ կներկայացնեն ամբողջ տարածաշրջանի համար։
Կործանարար է ազդեցությունը նաև տարածաշրջանի կենսաբազմազանության վրա, որը ճանաչվել է որպես աշխարհի կենսաբազմազանության համաշխարհային թեժ կետերից մեկը, որի բույսերի և կենդանիների մի շարք տեսակներ ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում, ինչպես նաև 4 տեսակ ներառված է Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում: Վերոնշյալ տարածքը նաև բնակավայր է հանդիսանում այնպիսի հազվագյուտ և անհետացող տեսակների համար, ինչպիսիք են կովկասյան ընձառյուծը, գորշ արջը, բեզոարյան այծը, սև և գրիֆոնի անգղերը և այլն:
Կոչ ենք անում միջազգային հանրությանը գործել վճռականորեն՝ դատապարտելու և դադարեցնելու ուժի կիրառումը Արցախի, խաղաղ բնակիչների և կենսական նշանակության ենթակառուցվածքների նկատմամբ, մեղմելու այս տարածաշրջանում առկա հումանիտար և բնապահպանական աղետները»,- ասված է հաղորդագրության մեջ: