կարևոր
1911 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-21 16:32

Փաշինյանն իրանական ԶԼՄ-ին տված հարցազրույցում ընդգծել է Ադրբեջանի կողմից իսրայելական ԱԹՍ-ների օգտագործման փաստը

Փաշինյանն իրանական ԶԼՄ-ին տված հարցազրույցում ընդգծել է Ադրբեջանի կողմից իսրայելական ԱԹՍ-ների օգտագործման փաստը

Ադրբեջանի կողմից լայնորեն օգտագործվում են իսրայելական ԱԹՍ-ներ, և հենց այդ փաստը նույնպես վկայում է, որ կան արտաքին ուժեր, որոնք միջամտում են պատերազմական գործողություններին: Այդ մասին իրանական IRNA  գործակալությանը տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Միջազգային մակարդակով հաստատվել է, որ Թուրքիայի կողմից ահաբեկիչ վարձկաններ են Սիրիայից տեղափոխվել տարածաշրջան՝ ռազմական գործողություններ իրականացնելու համար: Սա լուրջ վտանգ է տարածաշրջանի համար, և, ցավոք, տարածաշրջանի երկրներն այս փաստին բավարար չափով չեն արձագանքում: Բայց ակնհայտ է, որ ահաբեկիչների ներկայությունը սպառնալիքներ է ստեղծելու, և դրա հետևանքները տարածաշրջանում դեռ կտեսնենք: Եվ, կարծում եմ, տարածաշրջանի երկրները պետք է առավել խիստ արձագանքեին այդ փաստին»,- ասել է վարչապետը:

Լրագրողը նկատել է՝ Իրանում անհանգստություն կա, որ Ղարաբաղի հակամարտությունը կվերածվի լայնամասշտաբ և երկարատև պատերազմի և, ի հավելումն օտարերկրյա ռազմական ուժերի, համաշխարհային ուժերը նույնպես կթափանցեն այս տարածաշրջան: Հարցին՝ Դուք այս անհանգստության փարատման և խնդիրը հայ-ադրբեջանական երկխոսության շրջանակ վերադարձնելու համար ի՞նչ առաջարկ և լուծում ունեք, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Ադրբեջանի կողմից լայնորեն օգտագործվում են իսրայելական ԱԹՍ-ներ, և հենց այդ փաստը նույնպես վկայում է, որ կան արտաքին ուժեր, որոնք միջամտում են, այսինքն՝ միջամտությունները տարբեր կերպ են լինում: Բացի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դերակատարությունից, որևէ այդպիսի միջամտություն, միջնորդություն նկատելի չէ: Բայց փաստն այն է, որ նաև Մինսկի խմբի համանախագահող երկրները չեն կարողանում ազդեցություն ունենալ ներկայիս իրադարձությունների վրա, և այդ առումով հենց այսպիսին է իրավիճակը: Այսինքն՝ նրանք, ճիշտ է, հայտարարություններ անում են, դիրքորոշումներ հայտնում են, բայց իրավիճակի վրա իրական ազդեցություն ունենալ չեն կարողանում, դա փաստ է»: