Երևանի ավագանու 5-րդ նստրջանի 2-րդ նիստին առաջին անգամ տեղի ունեցավ «Մտքերի փոխանակում» ձևաչափով քննարկում։ Նիստին ներկա ավագանու 36 անդամներն էլ միաձայն «կողմ» քվերակեցին, որպեսզի հաջորդ նիստին, որը տեղի կունենա ընթացիկ տարվա նոյեմբերի 24-ին, օրակարգը սպառելուց հետո լինի հարց ու պատասխան:
«Իմ քայլը» խմբակցությունից ավագանու անդամ Սիփան Ասատրյանը խոսելով ռազմական դրության, պատերազմական իրավիճակի մասին՝ նշեց, որ այս պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձինք կավելանան, որոնց տեղաշարժը պետք է մատչելի դարձնել:
«Որպես Հայաստանի ամենախոշոտ համայնք, մենք ապագայում կբախվենք այդ խնդրին: Կուզենայի, որպեսզի ավելի ուշադիր լինեինք մեր ենթակառուցվածքներն ավելի մատչելի ու հարմարավետ դարձնելուն: Հաշմանդամություն ունեցող անձանց համար հատկապես հարմարավետ պետք է դարձնել տրանսպորտային միջոցները»,- նշել է Ասատրյանը:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը համաձայնել է ավագանու անդամի հետ ու հայտնեց, որ մինչ պատերազմն էլ այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել են:
«Կարող եմ օրինակ բերել, ասենք, վերելակները, որոնք տեղադրվում են բազմաբնակարան շենքերում… Իմ կողմից խստագույն պահանջ է եղել, որպեսզի դրանք համապատասխանեն բոլոր միջազգային չափորոշիչներին, և հաշմանդամություն ունեցող անձանց մուտք ու ելքերը լինեն հարմարավետ: Ձեռք բերված 100 մինի-ավտոբուսները նույնպես համապատասխանում են նորմերին և ցածր հատակ ունեն: Մոտակա ժամանակում, երբ ձեռք բերենք 8.5-9 մ երկարությամբ 200 ավտոբուսը՝ դրանք նույնպես համապատասխանելու են բոլոր միջազգային ստանդարտներին»,- նշել է Մարությանը:
Նույն խմբակցությունից ավագանու մեկ այլ անդամ՝ Լևոն Զաքարյանն էլ իր մտահոգությունը հայտնեց Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության տարածման վերաբերյալ։
«Կան տրանսպորտային միջոցների վարորդներ, որոնք դիմակ չեն կրում, և մնացած հիմնարկներում, որոնք ավելի շատ շփման մեջ են քաղաքացիների հետ, ավելի ուշադիր պետք է լինեն»,- ասել է Զաքարյանը։
Նա մյուս բնակիչներին նույնպես հորդորեց խստագույնս պահպանել հակահամաճարակային կանոնները:
Ավագանու անդամը նկատեց, որ հիվանդանոցներում ականատես է եղել, թե ինչպես են մեկ հիվանդասենյակում հավաքվում մի քանի հոգի, ինչը շատ մեծ վտանգ է ներկայացնում:
«Բժիշկներն օր ու գիշեր աշխատում են ու փորձում փրկել մեր զինվորների կյանքը: Հետևաբար, բնակիչների մյուս մասը պետք է պահպանի բոլոր կանոնները՝ բժիշկների աշխատանքն էլ ավելի չբարդացնելու համար»,- ասել է Զաքարյանը:
Արձագանքելով ավագանու անդամի ելույթին՝ Մարությանը նշել է, որ արդեն իսկ հանձնարարական է տրվել, որպեսզի առնվազն համայնքապատկան կառույցների աշխատակիցները հետևեն հակահամաճարակային կանոններին: