կարևոր
553 դիտում, 5 ամիս առաջ --> 2020-10-20 14:54

Հայաստանը հայտարարել է, թե որ դեպքում կդիմի ՀԱՊԿ-ին

Հայաստանը հայտարարել է, թե որ դեպքում կդիմի ՀԱՊԿ-ին

Անհրաժեշտության դեպքում Հայաստանը չի վարանի դիմել ՀԱՊԿ-ին. այս պահին, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի բնորոշմամբ, անհրաժեշտություն չկա: ՀԱՊԿ-ին ֆորմալ չդիմելը, սակայն, չի նշանակում, թե Հայաստանը ՀԱՊԿ-ի հետ չի աշխատում անընդհատ ռեժիմով: Փոխնախարար Քոչարյանն այս մասին խոսել է ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը չի դիմում ՀԱՊԿ-ին:

Նա նախ շեշտել է, որ ՀԱՊԿ-ին դիմելու համար պետք է ագրեսիա լինի ՀՀ-ի հանդեպ: Հիմա դեռ վաղ է Ադրբեջանի որոշ գործողությունները ՀՀ-ի նկատմամբ որպես ագրեսիա գնահատելու համար: «Եթե եղավ հարձակում ՀՀ-ի վրա, այո, կդիմենք: Նախ մենք պետք է դիմենք ՄԱԿ-ին, որով ֆիքսում ենք, որ մեր դեմ ագրեսիա է, և մենք համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության՝ ինքնապաշտպանության ենք դիմում, դիմում ենք նաև ՀԱՊԿ-ին: Այդ բոլորը կանոնակարգված է»,-ասել է Քոչարյանն ու հավելել, որ այս պարագայում դեռևս դրա մասին խոսելը վաղ է:

Նա շեշտել է՝ եթե ունես փամփուշտ, որը կարող է կրակել, այդ փամփուշտը պետք է օգտագործել այն ժամանակ, երբ այն դատարկ չէ:

«ՀԱՊԿ-ին ֆորմալ չդիմելը չի նշանակում ՀԱՊԿ-ի հետ չաշխատել անընդհատ ռեժիմով: Առաջին դեմքերի մակարդակով անգամ կա ինֆորմացիայի փոխանակում»,-ասել է ԱԳ փոխնախարարն ու հավելեց, որ կա անընդհատ շփում:

Նա վստահեցրել է, որ երբ գա պահը, կարվեն համապատասխան քայլեր, բայց հույս հայտնեց, որ այդ պահը չի գա:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում անօդաչու թռչող սարքերով մի քանի անգամ թիրախավորել է ՀՀ Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի բնակավայրեր, քաղաքացիական օբյեկտներ՝ պատճառ դառնալով խաղաղ բնակիչների մահվան և վիրավորման: Ադրբեջանական զինուժը թիրախավորել է անգամ մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկա՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա։