368 դիտում, 2020.10.20 01:08

Նորվեգիայի ԱԳ նախարարը կոչ է արել ձեռնպահ մնալ ԼՂ իրավիճակի սրմանը նպաստող գործողություններից

Նորվեգիայի ԱԳ նախարարը կոչ է արել ձեռնպահ մնալ ԼՂ իրավիճակի սրմանը նպաստող գործողություններից

Նորվեգիայի Արտաքին գործերի նախարար Ինե Էրիքսեն Սյորեյդեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին և տարածաշրջանային բոլոր դերակատարներին կոչ է արել ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք կարող են նպաստել իրավիճակի սրմանը։ Այս մասին Սյորեյդենը ասել է՝ ի պատասխան խորհրդարանի անդամ Բյորնար Մոքսնեսի գրավոր հարցմանը։

«Լեռնային Ղարաբաղում իրավիճակը շատ լուրջ է, և Նորվեգիան կողմերին և տարածաշրջանային բոլոր դերակատարներին կոչ է արել ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք կարող են նպաստել իրավիճակի սրմանը։ Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանին Թուրքիայի ավանդական աջակցության ծավալի մեծացումը մանրակրկիտ և շարունակաբար ուսումնասիրվում է մեր կողմից»,- նշել է արտգործնախարարը, հավելելով, որ ընդհանուր առմամբ, Թուրքիա պաշտպանական սարքավորումների արտահանման հետ կապված կա խիստ սահմանագիծ, որի վերջին խստացումը հաստատվել է 2016թ. հեղաշրջման փորձից հետո:

Արտգործնախարարը նշել է, որ 2019թ. հոկտեմբերին Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների պատճառով որոշվել է ժամանակավորապես դադարեցնել դեպի Թուրքիա արտահանման նոր հայտերին ընթացք տալը:

«Արտահանման դեպքում, որը չի առնչվում մեր անվտանգության և պաշտպանության շահերին և չի վերաբերում առաքումներին՝ ՆԱՏՕ-ի ծրագրերի շրջանակում, գործում է խորհրդարանի 1959թ. որոշումը, որի համաձայն՝ արտահանում չի թույլատրվում»,- հայտնել է Սյորեյդենը:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր: Հոկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել էին հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: Որոշումը կայացվել էր՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության: Հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը դարձյալ կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրետակոծել առաջնագիծը: