404 դիտում, 2020.10.19 20:30

Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Իռլանդիայում ուսանած հայ շրջանավարտները նամակ են հղել ՄԹ ԱԳ նախարարին

Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Իռլանդիայում ուսանած հայ շրջանավարտները նամակ են հղել ՄԹ ԱԳ նախարարին

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող կրթական ծրագրերի 104 շրջանավարտ նամակով դիմել է  Միացյալ Թագավորության  Արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբին՝ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Արցախում և Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Շրջանավարտներն ադրբեջանա-թուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախում բնակվող հայերի ինքնորոշման իրավունքը ճանաչելու և մի շարք այլ պահանջներ են ներկայացրել Միացյալ Թագավորությանը:

Նամակի հեղինակները ներկայացրել են սեպտեմբերի 27-ից Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի դրվագները, նշել, որ Ադրբեջանին աջակցում է նաև Թուրքիան, որը բացի ռազմական աջակցություն ցույց տալուց, նաև զինյալ ահաբեկիչների է տեղափոխում Ադրբեջան` Արցախի դեմ կռվելու համար: Շրջանավարտները նաև ուշադրություն են հրավիրել այն հարցի վրա, որ Ադրբեջանի Զինված ուժերի կողմից թիրախավորվել և թիրախավորվում են խաղաղ բնակավայրերը, որի պատճառով խաղաղ բնակիչներ են սպանվում, վնասվում են քաղաքացիական ենթակառուցվածքները, հոսպիտալներ, մանկապարտեզներ, դպրոցներ, եկեղեցիներ:

«Հարկ է նաև նշել, որ այս լայնածավալ հարձակումը տեղի է ունեցել 2020 թվականի հուլիսին Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանի ուղղությամբ ռազմական ագրեսիայից հետո, որի ընթացքում ադրբեջանական իշխանությունները սպառնացել են հրթիռային հարվածներ հասցնել Երևանի մոտակայքում գտնվող Մեծամորի ատոմակայանին»,- գրել են շրջանավարտները:

Նրանք պահանջել են դատապարտել Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիան, դատապարտել Թուրքիայի կողմից ահաբեկչական խմբավորումների տեղակայումն այդ տարածաշրջանում, դատապարտել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակիչների թիրախավորումը, ընդունել, որ Արցախում բնակվող հայերը բախվում են գոյութենական սպառնալիքի հետ և ճանաչել Արցախում բնակվող հայերի ինքնորոշման իրավունքը` նրանց փրկության համար: