Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը զուտ որպես հայտարարություն է դիտարկում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի խոսքերը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մասին: Այս մասին Բեգլարյանն ասաց հոկտեմբերի 12-ին «Ազատություն ռադիոկայան»-ի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում` մեկնաբանելով Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի այն հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների պաշպանության հարցը առաջին պլան է մղվում:
«Ինչու, որովհետև անցած տարի հոկտեմբերի կեսերի Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը հայտարարություն արեց, որ չճանաչված պետությունները պետք է Եվրոպայի խորհուրդ մուտք ունենան առանց որևէ խոչընդոտների և որևէ կերպ չպետք է հաշվի առնել անդամ երկրների կարծիքները: Մեկ տարի առաջ դա հայտարարվել է, առ այսօր որևէ քայլ չեն կատարել: Հիմա երեք շաբաթ է պատերազմ, է մարդկային մեծաքանակ զոհեր, վիրավորներ կան քաղաքացիական և զինվորական շրջանում, Եվրոպայի խորհուրդը դեռ ասում է պետք է: Ինչն է խանգարում Եվրոպայի խորհրդին, որ հատուկ խումբ ուղարկի Արցախ, որովհետև Արցախը գտնվում է Եվրոպայի խորհրդի տարածքում: Հայաստանը և Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի անդամներ են: Արդյոք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ադրբեջանական իշխանությունների կարծիքը այդքան էական է Եվրոպայի խորհրդի համար, և այն ադրբեջանական պետության, որտեղ ամեն օր մարդու իրավունքներ են խախտվում, որոնց մասին Եվրոպայի խորհուրդը բոլոր նստաշրջաններում խոսում է: Բոլորի համար է ակնհայտ, որ պատերազմը Ադրբեջանն է սկսել»,- ասաց Բեգլարյանը:
Բեգլարյանը նշեց, որ Բուրիչը մինչև հիմա ասում է, որ չճանաչված պետությունները պետք է Եվրոպայի խորհուրդ անարգել մուտք ունենան:
«Տեղներիցդ շարժվեք, դա մարդկային կյանքեր է արժենում, երբ չեք շարժվում ձեր տեղից և հստակ սանկցիաներ չեք կիրառում հանցագործների հանդեպ: Եվրոպայի խորհուրդը իր արժեքների մասին է խոսում, բայց այդ արժեքները չի պաշտպանում: Եվ արդեն դրանից հետո պետությունները, մարդիկ չեն վստահում ձեզ, հիասթափվում են»,- եզրափակեց Բեգլարյանը: