326 դիտում, 2020.10.19 19:24

Ըստ Փաշինյանի՝ ՌԴ-ն լեգիտիմ իրավունք ունի ԼՂ հակամարտության գոտում հակաահաբեկչական գործողություն իրականացնելու

Ըստ Փաշինյանի՝ ՌԴ-ն լեգիտիմ իրավունք ունի ԼՂ հակամարտության գոտում հակաահաբեկչական գործողություն իրականացնելու

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով` Ռուսաստանի Դաշնությունն այս պահին լեգիտիմ իրավունք ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հակաահաբեկչական գործողություն իրականացնելու, քանի որ սիրիական ահաբեկչական խմբավորումների զինյալները, որոնք այս պահին Ադրբեջանի կողմից մասնակցում են ԼՂ-ի դեմ պատերազմում, անմիջական վտանգ են ներկայացնում Ռուսաստանի համար: Այս մասին Փաշինյանն ասել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում` անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ Ռուսաստանը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքից, մասնավորապես՝ Սիրիայից և Լիբիայից Լեռնային Ղարաբաղի գոտի զինյալների տեղափոխման վերաբերյալ հաղորդագրությունների կապակցությամբ:

«Չի կարող պատահականություն լինել այն, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի սկսվելուց, էսկալացիայից հետո, այն հաղորդագրություններից հետո, որ ահա այդ վարձկանները մասնակցում են Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմին, կա տեղեկատվություն, այդ թվում՝ արաբական երկրների զանգվածային լրատվության միջոցներում, որ որոշ խմբավորումներ ջախջախվել են մարտի դաշտում, ցրվել են տարբեր կողմեր: Ինձ համար ակնհայտ է, որ Սիրիայից այն զինյալները, այդ ջախջախված խմբավորումների որոշ մասերը կամ առանձին դեմքերն ուղղակիորեն տեղափոխվում են Ռուսաստան, որովհետև կարծում եմ, որ նրանք Ռուսաստանը նույնպես համարում են թշնամի, ինչպես Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը: Հարցն այն է, թե ինչպես կշարունակվի այս ողջ գործընթացը: Արդյոք Ռուսաստանը կսպասի, որպեսզի այս բոլոր տարրերը տեղափոխվեն Ռուսաստանի տարածք, և այնտեղ իրականացվեն հակաահաբեկչական արշավ կամ հակաահաբեկչական գործողություններ: Չգիտեմ, միգուցե Ռուսաստանի կառավարությունում կամ հատուկ ծառայություններում քննարկվո՞ւմ է հենց տեղում հակաահաբեկչական օպերացիա ձեռնարկելու հնարավորությունը»,- նշել է Փաշինյանը:

«Նաև Լեռնային Ղարաբաղում»,-լրագրողի դիտարկմանը Փաշինյանը պատասխանել է.

«Եվ նաև Լեռնային Ղարաբաղում: Ռուսաստանը հակաահաբեկչական գործողություններ է ձեռնարկել Սիրիայում, որը բավական հեռու է Ռուսաստանից: Որովհետև այնտեղ սիրիացի զինյալների և ահաբեկիչների գործողություններն ուղիղ սպառնալիք էին ներկայացնում Ռուսաստանի ազգային անվտանգությանը: Այժմ արդեն ռուսաստանյան փորձագետները, ես, իհարկե, չգիտեմ, թե որքանով է ճիշտ այս հաշվարկը, ասում են, որ նրանք գտնվում են Ռուսաստանի սահմանից մոտ մինչև 80 կմ հեռավորության վրա: Սա արդեն բոլորովին այլ իրավիճակ է: Եվ ես կարծում եմ, որ Ռուսաստանը լեգիտիմ իրավունք և հիմքեր ունի, որպեսզի արձագանքի այդ իրավիճակին»,- ասել է վարչապետը: