354 դիտում, 2020.10.19 16:27

Դատարանը հետաձգեց Գագիկ Ծառուկյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության քննարկումը

Դատարանը հետաձգեց Գագիկ Ծառուկյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության քննարկումը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը  հետաձգեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդության քննությունը: Լրագրողների հետ ճեպազրույցում Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ դատարանը որոշակի փաստաթղթեր է պահանջել, որոնք ձեռք բերելու համար իրենց ժամանակ է անհրաժեշտ: Հաջորդ դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 22-ին՝ ժամը 16:30-ին։

Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու համար։ Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Հունիսի 16-ին Ազգային ժողովը փակ քվեարկություններով հավանություն է տվել պատգամավոր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու վերաբերյալ ՀՀ Գլխավոր դատախազի միջնորդություններին:

Ավելի վաղ, ԱԱԾ-ն հայտնել էր, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել բացահայտել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամների կողմից, նախնական համաձայնությամբ, 2017 թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրողներին թեկնածուներից, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողներին կաշառք տալու բազմաթիվ դեպքեր, որում ներգրավված են եղել ինչպես կուսակցության ղեկավար կազմը, այնպես էլ՝ կուսակցության անդամները: