կարևոր
1490 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-19 16:07

Մենք նրան տանելու ենք Արցախ. արցախցի կանայք կհանդիպեն Շոմբի Շարփի հետ և կներկայացնեն իրենց պահանջները

Մենք նրան տանելու ենք Արցախ. արցախցի կանայք կհանդիպեն Շոմբի Շարփի հետ և կներկայացնեն իրենց պահանջները

Երևանում ժամանակավորապես ապրող բողոքի ակցիա իրականացնող արցախցի կանայք հոկտեմեբերի 19-ին՝ ժամը 17:00-ին, կհանդիպեն ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավարի Շոմբի Շարփի հետ։

Նրանք 3 հոգով հանդիպել էին գրասենյակի ներկայացուցիչներից մեկի հետ և դուրս գալուց հետո մասնակիցներից մեկը հայտնեց, որ այդ պահին Շարփը տեղում չի եղել:

«Նախնական պայմանավորվածության համաձայն, 17:00-ին մենք կներկայանանք մեր պահանջով: Մենք այստեղ ենք մնալու, սպասելու ենք: Մեր հարազատները նկուղներում, առաջնագծում են, մենք տեղ չունենք գնալու»,- նշել է Լիանա Ադամյանը և հայտնել, որ իրենք ուզում են ՀՀ ՄԱԿ-ի գրանսեյակի ղեկավարին տանել Արցախ, որն անձամբ արձանագրի և միջազգային հանրությանը ներկայացնի ստեղծված իրավիճակը:

Ադամյանը նաև ընդգծել է, որ իրենք հստակ կներկայացնեն Շոմբի Շարփին իրենց պահանջը, որը ստորագրված կլինի ակցիայի մասնակիցների կողմից:

Ակցիայի մասնակից կանայք, ովքեր այնտեղ են իրենց երեխաների հետ, միջազգային հանրությունից պահանջում են համարժեք արձագանքել Արցախում թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ագրեսիային։

Հավաքվածները ձեռքներին պաստառներ ունեն, որոնց վրա անգլերեն և ռուսերեն գրված են տարբեր կոչեր՝ ուղղված միջազգային հանրությանը. «Կույր մի՛ եղեք», «Ճանաչե՛ք Արցախը», «Ահաբեկչությունն արդեն ձեր քթի տակ է», «Լռությունը բռնություն է»,  «Մենք խաղաղությո՛ւն ենք ուզում»:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ է սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Թուրքիայի միջոցով Սիրիայից բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ հոկտեմբերի 10-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրեր: Հոկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել էին հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: Որոշումը կայացվել էր՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության: Հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը դարձյալ կրակել է Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրետակոծել առաջնագիծը: