կարևոր
1158 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-19 15:10

Դադարե՛ք անտեսել, ճանաչե՛ք Արցախի անկախությունը. ԱՄՆ դեսապանատան դիմաց բողոքի ակցիա է ընթանում

Բազմաթիվ քաղաքացիներ Երևանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել՝ ԱՄՆ-ի ուշադրությունը հրավիրելով Արցախում թուրք-ադրբեջանական ուժերի, սիրիացի վարձկանների վայրագրությունների վրա, պահանջելով, որ ԱՄՆ դեսպանը կամ դեսպանատան որևէ ներկայացուցիչ այցելի Ստեփանակերտ, Շուշի և այլ քաղաքներ՝ տեսնելու և արձանագրելու այդ վայրագրությունների արդյունքները: Ցուցարարները պահանջում են նաև ճանաչել Արցախի անկախությունը:

Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը, մասնավորապես, ասաց. «Հայաստանն այսօր Արցախի հետ միասին կռիվ է տալիս ահաբեկչական Թուրքիայի, Ադրբեջանի և սիրիական ահաբեկիչների դեմ: Դուք չեք կարող անտարբեր նայել այս ամենին, դուք իրավունք չունեք ուղղակի»:

Նա շեշտեց՝ եթե այս ամենը չկանխվի, այդ ահաբեկիչները կհասնեն նաև ԱՄՆ:  Հավաքվածները նշեցին, որ այդ ահաբեկիչների դեմ այսօր պարիսպ է կանգնեցնում հայ ժողովուրդը: Նրանք հարց բարձրացրին՝ ինչո՞ւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը չի այցելում Ստեփանակերտ, Շուշի, Հադրութ և այլ քաղաքներ՝ տեսնելու ադրբեջանական կողմի վայրագրությունները: «Ո՞վ խոսեց Ստեփանակերտի, Շուշիի, Հադրութի մասին, ո՞վ խոսեց ավերված եկեղեցու մասին»,- նշեցին հավաքվածները:

Նրանք կոչ են անում անմասն չմնալ հայ ժողովրդի ցավին, դադարեցնել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան: Ցույցի մասնակիցները վանկարում են. «Դեսպան, դուրս արի», «Ճանաչեք Արցախը», «Կանգնեցրեք ցեղասպանությունը»: Բարձրացված պաստառների վրա գրված է. «Ճանաչել Արցախը», « Ձեր լռությունը՝ նոր ցեղասպանություն», «Կագնեցնել Թուրքիայի ահաբեկչությունը», «Ալիև՝ ահաբեկիչ, Էդրողան՝ ահաբեկիչ» : Հավաքվածները շեշտադրում են, որ եթե այս ահաբեկչությունն այստեղ չկանխվի, տարածվելու է աշխարհով մեկ: Ցույցի մասնակիցները հայերեն և անգլերեն ելույթներ են ունենում, կոչեր անում, երգում հայրենասիրական երգեր, պահանջում, որ դեսպանատան ներկայացուցիչը դուրս գա՝ հանդիպելու իրենց և լսելու իրենց պահանջը:

Դեսպանատնից համաձայնեցին, որ հավաքվածներից երեք հոգի հանդիպեն իրենց ներկայացուցչի հետ՝ փոխանցելու բոլորի պահանջը: Դեսպանատնից, սակայն, թույլ չտվեցին, որ լրատվամիջոցները ներկա գտնվեն հանդիպմանը: