296 դիտում, 2020.10.19 14:54

Հայաստանն Ադրբեջանի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցի շրջանակն ընդլայնելու պահանջով դիմել է ՄԻԵԴ

Հայաստանն Ադրբեջանի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցի շրջանակն ընդլայնելու պահանջով դիմել է ՄԻԵԴ

Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ադրբեջանի նկատմամբ  կիրառված միջանկյալ միջոցի շրջանակներն ընդլայնելու պահանջով: Մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

«Երեկ դիմել ենք ՄԻԵԴ, հաշվի առնելով վերջին օրերի և վերջին շաբաթվա զարգացումները` կապված տարբեր տեսանյութերի հետ, որոնցում հստակ երևում են ռազմագերիների կամայական գնդակահարությունների, դիակների նկատմամբ վատ վերաբերմունքի, այլանդակությունների, գլխատումների և այլ դրվագներ, որոնք սարսափելի են և մարդասիրական իրավունքի, մարդու իրավունքների տեսանկյունից ուղղակի անընդունելի են: Հաշվի առնելով այդ հանգամանքը, մենք դիմել ենք ՄԻԵԴ` կիրառված միջանկյալ միջոցի շրջանակներն ընդլայնելու խնդրանքով, որպեսզի այն ոչ միայն քաղաքացիական բնակչության, քաղաքացիական օբյեկտների ու քաղաքացիական բնակավայրերի թիրախավորմանը վերաբերի, այլ նաև վերաբերի ադրբեջանական իշխանությունների վերահսկողության ներքո հայտնված ցանկացած անձի անվտանգության ապահովման հարցին»,- ասել է Կիրակոսյանը:

Եղիշե Կիրակոսյանը հույս է հայտնել, որ առաջիկա օրերին արդեն դատարանի պատասխանը կլինի և այն ևս կլինի դրական:

«Ձեռնարկված միջանկյալ միջոցների կյանքի կոչելը բարդ է այս պրոցեսում, որովհետև պատերազմական գործողություններ են ընթանում, սակայն դրանք ազդեցությամբ շատ կարևոր են հիմա և հետագայում էլ շատ կարևոր են լինելու»,- նշել է Եղիշե Կիրակոսյանը: