կարևոր
1991 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-19 00:23

Կանադան կոչ է արել հարգել հումանիտար զինադադարի հաստատման պայմանավորվածությունը

Կանադան կոչ է արել հարգել հումանիտար զինադադարի հաստատման պայմանավորվածությունը

Կանադայի Արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը կոչ է արել հարգել Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար զինադադարի հաստատման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը: Այս մասին նախարարը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո:

«Քիչ առաջ խոսեցի Զոհրաբ Մնացականյանի հետ: Կանադան ողջունում է հումանիտար զինադադարը Լեռնային Ղարաբաղում: Այն պետք է հարգվի, որպեսզի կանխվեն քաղաքացիական բնակչության նոր տառապանքները: Մենք կոչ ենք անում արտաքին խաղացողներին` հեռու մնալ այս հակամարտությունից և սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից վերիֆիկացիոն մեխանիզմների ստեղծմանը»,- գրել է Շամպայնը:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր: Հոկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել էին հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: Որոշումը կայացվել էր՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության: Հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը դարձյալ կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրետակոծել առաջնագիծը: