2254 դիտում, 2020.10.19 00:09

«Կամ կհաղթի հայ ժողովուրդը, կամ կպարտվենք բոլորս։ Լրջանալու ժամանակն է»․ Իշխան Սաղաթելյան

«Կամ կհաղթի հայ ժողովուրդը, կամ կպարտվենք բոլորս։ Լրջանալու ժամանակն է»․ Իշխան Սաղաթելյան

Իրականում ռազմաճակատում հրադադար չկա, պատերազմը նույն թափով շարունակվում է։ Վիճակը օրհասական է և ծայրահեղ մտահոգիչ, իսկ կորուստները` անդառնալի։ Բայց մենք այս պատերազմում չհաղթելու տարբերակ չունենք, քանի որ պատերազմի ելքով է որոշվելու Հայոց պետականության գոյության հարցը։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը․

«Այս հյուծող պատերազմում մեր ժողովուրդը սխրանքներ է գործում. հանուն ազատ, անկախ Արցախի, հանուն հայ ժողովրդի ապրելու իրավունքի՝ ճակատում կողք-կողքի զոհվում են հայր ու որդի, զույգ եղբայրներ...

Օրվա պատասխանատուները ոչ սխալվելու իրավունք, ոչ էլ հապաղելու ժամանակ ունեն։ Նորից եմ կրկնում՝ հաղթանակի համար անհրաժեշտ է բեկում մտցնել ռազմական, քաղաքական և դիվանագիտական ճակատներում, իսկ դրա համար անհրաժեշտ է իրական համախմբում, ողջ հայ ժողովրդի ռեսուրսների արդյունավետ մեկտեղում և օգտագործում։ Հասկացեք՝ մեր առաջարկ-պահանջի մեջ անձնական, քաղաքական կամ կուսակցական շահ չկա, սա պահի լրջության թելադրանքն է, սա է պահանջում մեր պետության և ժողովրդի շահը։

Հ.Գ.

Մեծապես կարևորում եմ, որ գոնե պատերազմի այս օրերին իրավիճակը սթափ գնահատող, իրական համախմբում ապահովող, գործնական և անկեղծ տեսակետ հայտնող անհատները, մտավորականները, հասարակական և քաղաքական գործիչները լինեն առաջին պլանում և թույլ չտան, որ որոշ բախտախնդիր, անհայրենիք հիմարներ հասարակությանը կերակրեն ստով և կեղծիքով: Իրերն իրենց անուններով կոչելու ժամանակն էլ կգա, իսկ մինչև այդ պետք է արձանագրել, որ դժբախտություն է, երբ քո երկրում հասարակական կարծիքի ձևավավորման վրա ազդեցություն ունեն անհայրենիք, իրականությունից կտրված ստահակները, բայց կրկնակի դժբախտություն կարող է լինել, եթե կարևոր որոշումները ընդունվեն այդպիսինների ձևավորած մթնոլորտի արդյունքում։

Կամ կհաղթի հայ ժողովուրդը, կամ կպարտվենք բոլորս։ Լրջանալու ժամանակն է»։