514 դիտում, 2020.10.18 22:30

Հայկական կողմը մինչև 20:30-ը խոցել է 9 ԱԹՍ, երկուսը` ՀՀ տարածքում

Հայկական կողմը մինչև 20:30-ը խոցել է 9 ԱԹՍ, երկուսը` ՀՀ տարածքում

 Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի ընթացքում հոկտեմբերի 18-ին, մինչև 20:30-ն խոցվել է Ադրբեջանի զինված ուժերի 9 անօդաչու թռչող սարք, որոնցից 2-ը` Հայաստանի Հանրապետության տարածքում: Այս մասին հոկտեմբերի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Օրվա ընթացքում ակտիվ մարտական գործողություների ընթացքում Ադրբեջանը նորից կիրառել է օդային հարձակման տարբեր միջոցներ, այդ թվում` ԱԹՍ-ներ: 20:30-ի դրությամբ խոցվել է 9 ԱԹՍ, որից երկուսը ՀՀ տարածքում»,- ասել է Հովհաննիսյանը:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր: Հոկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել էին հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: Որոշումը կայացվել էր՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության: Հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը դարձյալ կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրետակոծել առաջնագիծը: