518 դիտում, 2020.10.18 15:59

Ադրբեջանի ԶՈՒ հրետակոծության հետևանքով Մարտակերտում գազ և լույս չկա. վնասվել է բնակելի տների 30%-ը

Ադրբեջանի ԶՈՒ հրետակոծության հետևանքով Մարտակերտում գազ և լույս չկա. վնասվել է բնակելի տների 30%-ը

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած և Թուրքիայի ու միջազգային ահաբեկչական ցանցի կողմից աջակցվող պատերազմական գործողությունների ընթացքում ինտենսիվ հրետակոծվել է նաև Արցախի Մարտակերտ քաղաքը: 

Քաղաքում և Մարտակերտի շրջանի գյուղերում Ադրբեջանի զինված ուժերի ինտենսիվ հրետակոծությունը շարունակվել է նաև երեկվա ընթացքում:

«Երեկ ևս Մարտակերտ քաղաքին և հարակից բնակավայրերին հակառակորդը խփում էր ծանր հրետանիով և այլ զինատեսակներով, որը տևել է մինչև կեսգիշեր: Կեսգիշերին, հումանիտար հրադադարի պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց հետո, Մարտակերտ քաղաքում և հարակից բնակավայրերում եղել է հանգիստ: Այս պահի դրությամբ ևս հանգիստ է: Բնակչության մոտ ոչ մի ժամանակ խուճապ չի եղել և չկա, բոլորը հաղթելու տրամադրությամբ են»,- ասել է Զաքարյանը:

Պատերազմի առաջին օրվանից Մարտակերտ քաղաքում գազ չկա, ակտիվ հրետակոծության հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարերը:

«Նույն վիճակում են նաև Մարտակերտ քաղաքին շատ մոտ գյուղերը, բայց շրջանի մյուս գյուղերում կա և' հոսանք և' ջուր: Մարտակերտ քաղաքում, նաև շրջանի գյուղերում բնակչությանը մատակարարվում է սնունդ, առաջին անհրաժեշտության պարագաներ: Մարտակերտ քաղաքում հրետակոծության արդյունքում վնասվել են բնակելի շենքեր, մանկապարտեզը, խաղահրապարակը, մի շարք բնակելի սեփական տներ, հասարակական օբյեկտներ, վնասվել է քաղաքացիական տների մոտ 30%-ը»,- նշել է Լուսինե Զաքարյանը:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր: