278 դիտում, 2020.10.18 15:25

Արցախի բնակավայրերի վերանորոգման աշխատանքների համար արդեն արվել են գործնական քայլեր

Արցախի բնակավայրերի վերանորոգման աշխատանքների համար արդեն արվել են գործնական քայլեր

Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը ՀՀ ԿԱ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանի և ՀՀ շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանի հետ քննարկել է շինարարության «առաջնագծում» սպասվող առաջիկա անելիքները: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

«Սեպտեմբերի 27-ից սկսած Արցախի խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները թշնամու թիրախակետում են: Վթարավերականգնողական, ապամոնտաժման, վերանորոգման ու վերակառուցման աշխատանքներ շատ կան: Առաջին գործնական քայլերն արդեն արված են: Միայն Ստեփանակերտում արդեն պարզ է, թե շինարարների ջոկատները որտեղից են սկսելու իրենց աշխատանքը: Հնարավոր ամեն ինչ արվելու է, որ կարճ ժամանակում Ստեփանակերտում, մյուս բոլոր քաղաքներում ու բնակավայրերում պատերազմի հետքն իսպառ վերացվի»,- նշում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ է սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Այդ օրվանից սկսած Ադրբեջանը զինուժը լայնածավալ թիրախավորման է ենթարկել Արցախի ավելի քան 130 բնակավայր` հարավից մինչև հյուսիս: Հարվածների հետևանքով մոտ 7 800 անշարժ գույք է վնասվել, 1 310-ից ավելի ենթակառուցվածք, հանրային կամ արտադրական նշանակության օբյեկտներ, 720-ից ավելի շարժական գույք: