17.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.96 -0.13 | |
GBP | 491.13 +2.97 | |
EUR | 412.94 +1.53 | |
GEL | 145.05 -0.76 | |
RUB | 6.7 +0.08 |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ հոկտեմբերի 17-ին 70 տարեկանում կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Վանիկ Մկրտչյանը:
Վանիկ Մկրտչյանը ծնվել է 1950 թ. Արթիկում: 1969-1972 թթ. սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1973-1978 թվականներին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում` ստանալով երաժշտական թատրոնի դերասանի որակավորում։ 1978 թվականից Երևանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան էր, զուգահեռ 2008 թվականից աշխատել է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում, համագործակցել «Էդգար Էլբակյան» թատրոնի հետ։ Վանիկ Մկրտչյանի բեմական գործունեության տասնյակ տարիները հարուստ են եղել հետաքրքիր ձեռքբերումներով: Մարմնավորել է բազմաթիվ դերեր մի շարք ներկայացումներում, որոնցից են` Անրի Սովաժ («Թուլակամը»), Ժուան Գանգոռու («Այս կինն իմն է»), Պարոն Օրգոն («Խաղ սիրո և պատահականության»), Մարքիզ («Հյուրանոցի տիրուհին››), Բանաստեղծ («Մեծապատիվ մուրացկաններ»), Ռոբերտ («Արևը Ձեզ հետ»), Արշակ և Պապիկ («Շողոքորթը»), Անդրե («Հանգուցյալը շրջում է քաղաքում»), Քամիյ Շանտպիզ («Կասկածը կնոջ սրտում»): Հյուրախաղերով հանդես է եկել Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Հոլանդիայում, Իրանում, Լիբանանում, Բելգիայում:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ցավակցում է սիրելի արտիստի ընտանիքի անդամներին և գործընկերներին: Վանիկ Մկրտչյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մտերիմների, գործընկերների, արվեստասերների սրտերում: