698 դիտում, 2020.10.18 13:09

Ադրբեջանը փորձում է վերահսկողության տակ վերցնել Խուդաֆերինի ջրամբարը՝ Իրանի վրա լծակ ունենալու համար. Բաբայան

Ադրբեջանը փորձում է վերահսկողության տակ վերցնել Խուդաֆերինի ջրամբարը՝ Իրանի վրա լծակ ունենալու համար. Բաբայան

Թուրքիան, Ադրբեջանն ու ահաբեկիչները փորձում են Իրանի և Արցախի սահմանային Խուդաֆերինի ջրամբարը՝ ռազմավարական կարևորագույն հանգույցը, կամ շարքից հանել, կամ վերցնել իրենց վերահսկողության տակ, որպեսզի հետագայում ազդեցիկ լծակ ունենան Իրանի նկատմամբ: Այս մասին հայտարարել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը հոկտեմբերի 18-ին կայացած ասուլիսում՝ անդրադառնալով հրադադարի հաստատումից ժամեր անց Արցախի հարավային հատվածում ջրամբարի ուղղությամբ հարձակման փաստին:

«Ընդհանուր առմամբ որոշ հատվածներում հրադադարն ուժի մեջ է, բայց կան ուղղություններ, որտեղ հակառակորդը շարունակում է իր նենգ, հայատյաց քաղաքականությունը և փորձում է որոշ հատվածներում ճեղքել Արցախի պաշտպանության բանակի պաշտպանական համակարգը: Այս պահի դրությամբ առաջնագծի մի շարք հատվածներում շարունակվում են ներթափանցման փորձերը, բայց դրանք կասեցվում են: Մեզ համար ամենակարևորն այն է, որպեսզի զոհեր չտանք: Որոշ հատվածներում, հատկապես հարավային ուղղությամբ, ընթանում են թեժ մարտեր»,-նշեց Բաբայանը և հավելեց, որ ՊԲ-ն ու կամավորականները հաջողությամբ հետ են շպրտում հակառակորդին և կանխում բոլոր ոտնձգությունները:

Անդրադառնալով հայկական կողմում գտնվող թուրքական, ադրբեջանական ահաբեկիչների դիակների հարցին, Բաբայանը նշեց, որ դրանց պատճառով որոշ հատվածներում ստեղծվել է կրիտիկական համաճարակային իրավիճակ: «Այնքան դիակներ կան, որ այս օրերի ընթացքում սանիտարական լուրջ խնդիր կա»,- նկատեց Բաբայանը:

Խոսելով զինադադարի ժամկետների մասին, ԱՀ նախագահի խորհրդականը հայտնեց, որ այն անժամկետ է: Ադրբեջանի որոշ պաշտոնյաներ հայտարարել էին, թե այն մի քանի օր է տևելու, սակայն, Բաբայանի խոսքով, նման բան չկա:  «Եթե այդպես են հայտարարում, ուրեմն նրանք նպատակ ունեն մի քանի օրից նորից դիմել ինչ-որ ագրեսիվ գործողությունների»,- ասաց Բաբայանը:

Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել էին հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: Ադրբեջանական կողմը, հերթական անգամ խախտելով պայմանավորվածությունը, հյուսիսային ուղղությամբ ժամը 00:04-02:45-ն ընկած ժամանակահատվածում վարել է հրետանային և հրաձգային կրակ, իսկ հարավային ուղղությամբ ժամը 02:20-02:45-ն ընկած ժամանակահատվածում հասցրել է հրթիռային հարվածներ։

Հոկտեմբերի 18-ի առավոտյան՝ 07:20-ի սահմաններում, հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը Արցախի առաջնագծի հարավային ուղղությամբ անցել է հարձակման, երկուստեք կան զոհեր: Վաղ առավոտյան հակառակորդը հարձակումն իրականացրել է հարավային ուղղությամբ (Խուդաֆերինի ջրամբար)` բարենպաստ դիրքեր գրավելու նպատակով: