356 դիտում, 2020.10.18 10:32

Ադրբեջանի համար որևէ արժեք չունեն մարդկային կյանքերն ու իր զինծառայողների մարմինները. Արցախի ՄԻՊ

Ադրբեջանի համար որևէ արժեք չունեն մարդկային կյանքերն ու իր զինծառայողների մարմինները. Արցախի ՄԻՊ

Ադրբեջանը, կրկին խախտելով մարդասիրական զինադադարի պայմանավորվածությունը, վերահաստատում է, որ իր համար որևէ արժեք չունեն մարդկային կյանքերն ու իր զինծառայողների մարմինները:  Այս մասին գրառում է կատարել Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

«Որևէ արձագա՞նք Ադրբեջանի կողմից մարդասիրական հրադադարի այս նոր խախտման վերաբերյալ: Կարծես այս երկիրը թքած ունի մարդկային կյանքերի և զինծառայողների մարմինների վրա»,-նշել է Բեգլարյանը սոցիալական ցանցում՝ կիրառված հեշթեգերով կոչ անելով չլինել կույր, ճանաչել Արցախի անկախությունը:

Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել էին հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: Ադրբեջանական կողմը, հերթական անգամ խախտելով պայմանավորվածությունը, հյուսիսային ուղղությամբ ժամը 00:04-02:45-ն ընկած ժամանակահատվածում վարել է հրետանային և հրաձգային կրակ, իսկ հարավային ուղղությամբ ժամը 02:20-02:45-ն ընկած ժամանակահատվածում հասցրել է հրթիռային հարվածներ։

Հոկտեմբերի 18-ի առավոտյան՝ 07:20-ի սահմաններում, հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը Արցախի առաջնագծի հարավային ուղղությամբ անցել է հարձակման, երկուստեք կան զոհեր: Վաղ առավոտյան հակառակորդը հարձակումն իրականացրել է հարավային ուղղությամբ (Խուդաֆերինի ջրամբար)` բարենպաստ դիրքեր գրավելու նպատակով: