կարևոր
2291 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-18 01:19

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Վանիկ Մկրտչյանը

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Վանիկ Մկրտչյանը

70 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Վանիկ Մկրտչյանը: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա որդին` Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը:

«Սրտի կսկիծով պետք է տեղեկացնենք, որ մեր հայրիկը` Վանիկ Վարազդատի Մկրտչյանը այսօր, իր կյանքի 70 տարում անսպասելիորեն լքեց մեզ։ Հոգեհանգստի և հուղարկավորության մասին կտեղեկացնենք հավելյալ»,- գրել է Տիգրան Մկրտչյանը:

Վանիկ Մկրտչյանը ծնվել է 1950թ., Արթիկում: 1978թվականից աշխատել է Երևանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, միաժամանակ՝ 2008 թվականից` Երևանի պետական Համազգային թատրոնում: Նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի ֆիլմերում՝ Արա Երնջակյանի «Ժամկետը 7 օր», Վիգեն Չալդրանյանի «Մարտիրոսի ուխտագնացությունը», Բաղդասարյանի «Մարիամ» և այլն։ Մասնակցություն է ունեցել նաև տարբեր հեռուստասերիալներում։ Հյուրախաղերով հանդես է եկել Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Հոլանդիայում, Իրանում, Լիբանանում, Բելգիայում: 2011թ. արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման: