1238 դիտում, 2020.10.17 23:18

Ադրբեջանում սիրիացի վարձկանների առկայությունն ապացուցող ևս մեկ ձայնային հաղորդագրություն է վերծանվել

Ադրբեջանում սիրիացի վարձկանների առկայությունն ապացուցող ևս մեկ ձայնային հաղորդագրություն է վերծանվել

Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողություններին մասնակցելու համար Թուրքիայի կողից Ադրբեջան ուղարկվող սիրիացի վարձկանների ևս մեկ ձայնային հաղորդագրություն է վերծանվել: Այն վերծանել և թարգմանել է «Region Monitor»-ը:

 «Սուլթան Մուրադ» ահաբեկչական խմբավորման անդամներից մեկն իր զինակից ընկերներին ուղարկած ձայնային հաղորդագրությունում նշում է, որ իրենք ուղարկվում են Ադրբեջան:

«Խմբի ղեկավարը հասավ ու ասում է, որ ուղղությունը դեպի Ադրբեջան է: «Լիբիա» ասվածը խաբուսիկ էր»,- նշում է ահաբեկչական խմբավորման անդամը:

Ձայնային հաղորդագրությունը, որը հայտնվել է սիրիացի վարձկաններին սատարող արաբական տելեգրամյան ալիքներից մեկում, հրապարակվել է հոկտեմբերի 15-ին։

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր: