338 դիտում, 2020.10.17 22:53

Արցախը պատրաստ է փոխադարձ հիմունքներով պահպանել մարդասիրական հրադադարը

Արցախը պատրաստ է փոխադարձ հիմունքներով պահպանել մարդասիրական հրադադարը

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել մարդասիրական հրադադարի պայմանները փոխադարձ հիմունքներով պահպանելու պատրաստակամության վերաբերյալ։

Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների և Հայաստանի ջանքերը՝ ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցմանը և լարվածության նվազեցմանը։ «Արցախի Հանրապետությունը հաստատում է իր պատրաստակամությունը՝ փոխադարձ հիմունքներով պահպանելու մարդասիրական հրադադարի պայմանները՝ 2020 թ․ հոկտեմբերի 10-ի Մոսկվայի հայտարարության և հոկտեմբերի 17-ի պայմանավորվածությունների համաձայն»,- ասվում է հայտարարության մեջ։ 

Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն:

«Այս որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության»,- ասված է հայտարության մեջ: