1452 դիտում, 2020.10.17 22:27

Հայաստանն ու Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ից հաստատել մարդասիրական զինադադար

Հայաստանն ու Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ից հաստատել մարդասիրական զինադադար

Հայաստանը եւ Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար:

Հայաստանի արտգործնախարարության տարածած հայտարարությունում նշվում է, որ այս որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության եւ համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության:

Մի ուշագրավ հանգամանք՝ եթե մինչ այս օգտագործվում էր «մարդասիրական հրադադար», «կրակի դադարեցում» արտահայտությունները, ապա այս անգամ գերատեսչությունը նախընտրել է «մարդասիրական զինադադար»-ը:

Ադրբեջանական կողմն իր հայտարարությունում եւս, ի տարբերություն պաշտոնական Երեւանի, գործածել է «հրադադար» ձեւակերպումը։ Շատերն արդեն սոցցանցերում թերահավատ են այս համաձայնության պահպանման հարցում։ Մատնանշում են նաեւ մեկ այլ հանգամանք՝ հենց հոկտեմբերի 18-ին Ադրբեջանը նշում է Անկախության օրը, եւ չի բացառվում, որ կարող է կրկին խախտի համաձայնությունը, ինչպես եղավ 8 օր առաջ, Մոսկվայում տասնմեկժամյա հանդիպումից հաշված ժամեր անց։