Բելգիական ներդաշնակեցման կոմիտեն, որը միավորում է դաշնային եւ տարածքային իշխանությունների ղեկավարներին, ուրբաթ COVID-19-ի իրավիճակի վատթարացմամբ պայմանավորված որոշում է ընդունել երկրի ամբողջ տարածքում պարետային ժամ մտցնելու մասին, հայտնում է «Ինտերֆաքսը»։
«Մենք հասկանում ենք, որ այս միջոցառումները շատ կոշտ են։ Բայց դրանք անհրաժեշտ են։ Այս վիրուսն առնչվել է բոլորին՝ առանձնապես ծանր կերպով։ Մեզ անչափ բարդ շաբաթներ են սպասվում։ Բայց վատթարագույնից խուսափելու համար անհրաժեշտ է հիմա գործել»,- ասել է երկրի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոն՝ Բրյուսելում կոմիտեի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով՝ այս պահին երկրում համավարակի բոլոր ցուցանիշներով թվերն ավելի բարձր են, քան այս տարվա մարտին եւ ապրիլին, երբեմն կրկնակի բարձր։
Վարչապետը հայտարարել է Բելգիայի ամբողջ տարածքում պարետային ժամ սահմանելու մասին։ Այս կարգադրությունն ուժի մեջ է մտնելու երկուշաբթի՝ հոկտեմբերի 19-ին։ Պարետային ժամը, երբ արգելված է փողոց դորս գալ, գործելու է կեսգիշերից մինչեւ առավոտյան 5-ը։ Բացառություններ են արված աշխատանքի գնացողների կամ աշխատանքից վերադարձողների համար եւ եւս մի շարք սոցիալական դեպքերում։ Այս շաբաթ այդպիսի միջոցառում արդեն ընդունվել էր բելգիական ֆրանսախոս նահանգներ Վալոնյան Բրաբանտում եւ Լյուքսեմբուրգում։
Դրանից բացի, հոկտեմբերի 19-ից երկրի ամբողջ տարածքում կփակվեն ռեստորաններն ու սրճարանները։
«Ռեստորաններն ու սրճարանները փակվելու են մեկ ամսով։ Երկու շաբաթ հետո իրավիճակը կգնահատվի եւ կընդունվի հատվածի աջակցության մասշտաբային միջոցառումների փաթեթ, որ սրճարաններին ու ռեստորաններին օգնեն հաղթահարել նրանց համար այս շատ ու շատ ծանր ժամանակաշրջանը»,- ասել է Բելգիայի վարչապետը։
Նա հավելել է, որ ալկոհոլի վաճառքն արգելվելու է երեկոյան 20:00-ից։ Գիշերային խանութները պետք է փակվեն 22:00-ին, դրանցում, ինչպես եւ ամեն տեղ 20։00-ից չի կարելի ալկոհոլ վաճառել։
Ընտանիքի անդամներ չհամարվող անձանց հետ մերձ շփումը կրճատվում է մինչեւ մեկ մարդ։ Մասնավոր խնջույքներին կամ այլ հավաքույթներին կարող է մասնակցել 4 մարդուց ոչ ավելի՝ սանիտարական միջոցների պահպանմամբ եւ պայմանով, որ 2 շաբաթվա ընթացքում նրանք լինելու են միեւնույն մարդիկ։
Այնտեղ, որտեղ հեռավար աշխատանքը հնարավոր է, դառնալու է պարտադիր։ Մյուս դեպքերում պետք է հետեւեն նախազգուշական խստագույն միջոցառումներին։
Չեղարկվում են սովորաբար նոյեմբերին սկսվող ավանդական ծննդյան շուկաները։
Ինչ վերաբերում է մշակութային հաստատությունների եւ սպորտային օբյեկտների աշխատանքին, շաբաթվա ընթացքում նրանց համար մշակվելու է նոր ուղեցույց՝ համաճարակաբանական իրավիճակի խորացումը հաշվի առնելով։
ԱՄՆ Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ համաճարակը սկսվելուց ի վեր Բելգիայում հայտնաբերվել է COVID-19-ի գրեթե 192 հազար դեպք, մահացել է ավելի քան 10 հազար հիվանդ։