կարևոր
1569 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-17 00:20

Հունաստանի քայլերը ՀՀ-ի նկատմամբ Անանյանը համարում է համերաշխության դրսևորման բարձրագույն աստիճան

Հունաստանի քայլերը ՀՀ-ի նկատմամբ Անանյանը համարում է համերաշխության դրսևորման բարձրագույն աստիճան

Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների աջակցությամբ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների սկզբից ի վեր Հունաստանի դիրքորոշումը թյուրքագետ Արամ Անանյանը գնահատում է որպես  Հայաստանի նկատմամբ համերաշխության դրսևորման բարձրագույն աստիճան: Անանյանը նշել է, որ դա առավել ակնհայտ դարձավ հենց այս դժվարին օրերին Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի` Հայաստան կատարած այցով: Թուրքագետն ամփոփել է այցի և Հունաստանի դիրքորոշման կարևոր արձանագրումները:

Հունաստանը ցուցաբերում է համերաշխության դրսևորման բարձրագույն աստիճան

Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի առաջին օրերից Հունաստանը դրսևորում է քաղաքական կամք, խիզախություն և համերաշխության բարձրագույն աստիճան: Սա պատահականություն չէ. մեր հույն բարեկամները ամենալավը կարող էին պատկերացնել, թե ինչի կհանգեցնի ռազմական այս ավանտյուրան, որը սանձազերծվեց Ադրբեջանի կողմից` Թուրքիայի հրահրմամբ ու մասնակցությամբ և միջազգային ահաբեկչական ցանցի ներգրավմամբ: Ամենալավը կարող էին պատկերացնել ոչ միայն այն պատճառով, որ ունեն մեզ համանման պատմական փորձ, այլև՝ որ հենց այսօր էլ բախվում են Թուրքիայի ծավալապաշտությանը` Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում և բախվում են Հունաստանի շահերի նկատմամբ Էրդողանի շատ ցինիկ վերաբերմունքին: Բացի այդ, Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելով, Թուրքիան սոսկալի վիրավորանք հասցրեց ողջ քրիստոնյա աշխարհին: Հունաստանը շատ հստակ, միանշանակ դիրքորոշում հայտնեց Ադրբեջանի ագրեսիայի նկատմամբ: Եվրոպական Միության անդամ որևէ պետություն, մինչ այս պահը ներառյալ, Հայաստանի հետ նման որակի մերձեցում չի ցուցաբերել: Այս պահին Հունաստանը ի ցույց է դնում սկզբունքայնություն և, գուցե դա դրական ազդեցություն ունենա միասնական եվրոպական արտաքին քաղաքականության ընկալման վրա:

Հունաստանի արտաքին գործերի նախարարի այցը Հայաստան

Հունաստանի արտաքին գործերի նախարարի Հայաստան կատարած այցը ևս համերաշխության բացառիկ դրսևորում էր, իսկ այդպիսի դրսևորումները միջազգային քաղաքականության մեջ դժվար է գերագնահատել: Հայաստանի հետ համերաշխության լավագույն արտահայտումն էր նաև ռազմական գործողությունների օրերին ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների այցը:  Սա խիստ կարևոր է՝ մանավանդ նման իրավիճակներում: Մեր գործընկերը, մեր բարեկամ, եղբայրական Հունաստանը ցույց է տալիս, որ այս դժվարին պահին մեր կողքին է ու չի խուսափում գալ, այստեղ բանակցություն վարել այն դեպքում, երբ Covid-19-ի աշխարհում ամեն ինչ տարվում է դեպի առցանց հարթակներ: Այն, որ մեր, այս տարածաշրջանի խնդիրը Հունաստանն արժանի է համարում բարձրաձայնել եվրոպական ավելի լայն հարթակում, հայաստանյան այցի ընթացքում ֆիքսեց Հունաստանի արտաքին գործերի նախարարը՝ ասելով, որ իր երկրի վարչապետը ԵՄ գագաթնաժողովում կխոսի Արցախի շուրջ տեղի ունեցողի և դրանում Թուրքիայի ներգրավվածության մասին: Այսինքն` այս պարագայում Հունաստանն իրեն պահում է ազնիվ և անշահախնդիր բարեկամի պես: Մենք ունենք Հունաստանի հետ հետայսու ընդլայնված օրակարգ, որի մեջ Հայաստանի կողմից շեշտադրվեց նաև պաշտպանական բլոկում համագործակցությունը. սա շատ հետաքրքիր ազդակ է:

Աշխարհագրական տարածաշրջանները մեծացել են

Փոքրացող աշխարհում տարածաշրջանները մեծացել են: Այսինքն` այսօր Հարավային Կովկասում ընթացող զարգացումները դիտարկել բացառապես այդ տարածաշրջանի օրակարգերի համատեքստում հնարավոր չէ, ինչպես հնարավոր չէ Արևելյան միջերկրածովում ընթացող զարգացումները դիտարկել բացառապես այդ տարածաշրջանում: Մեր պարագայում դա առավել քան շեշտված է. աշխարհագրորեն լինելով Հարավային Կովկասի տարածաշրջանում՝ Հայաստանը որոշակի ներգրավվածություն ունեցել, ունի և ունենալու է Արևելյան միջերկրածովում` պատմական համայնքային էթնիկ և մշակութային ներկայությամբ, ինչպես նաև՝ մեր պատմական, արդար պահանջով, որը մեզ մոտեցնում է այդ տարածաշրջանին:

Այլևս փոքր տարածաշրջանների մասին խոսել ժամանակակից աշխարհում, հնարավոր չէ:

Հայաստան-Հունաստան-Կիպրոս դաշինքի առաջին փորձությունը

Սա Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձևավորվող և մեծ հեռանկարներ ունեցող, քաղաքակրթական հիմքի վրա կառուցված դաշինքի առաջին փորձությունն էր, որի հաղթահարումը, կարծես, այս եռյակը հաջողությամբ ստանձնել է: Սրան զուգահեռ՝ նաև Հունաստանի շուրջ քաղաքակրթական միասնության, խաղաղության դաշինք է ձևավորվել. իսկ որպես դրա հիմնական թշնամի ընկալվում է Թուրքիան: Այս պատմական պահը, թե՛ Հայաստանը, թե՛ Հունաստանը, թե՛ Կիպրոսը պետք է օգտագործեն նոր ձևաչափը էլ ավելի հղկելու, բյուրեղացնելու համար, որովհետև ակնհայտ է, որ ձևաչափն արհեստածին չէ: Պարզվեց, որ ձևաչափը քաղաքակրթական առումով շատ բնական է: Սա հարձակողական դաշինք չէ, այլ զսպման մեխանիզմ, որովհետև այդ միասնության արանքում գտնվում է մի անկայունության կենտրոն, որը ծովահրեշի պես այդ անկայունությունն ուղղորդում է դեպի իր տարբեր կողմերը: Եվ տեսնելով այդ ազդեցության արգեսիվ պարպումը, թե՛ Հայաստանը, թե՛ Հունաստանը, թե՛ Կիպրոսը այլ բան չունեն անելու, քան ձևավորել այդ՝ պատմական, ինքնության, արժեքների, մշակույթի միասնության վրա հիմնված բևեռը, որը, գուցե, ժամանակի ընթացքում ընդլայնվի կամ ավելի լայն դերակատարում ունենա տարածաշրջանային կտրվածքով:

Նախկին բալանսները փոփոխության են ենթարկվում

Անցյալի միջազգային հարաբերություններից, միջազգային կառուցակարգերից շատերը վերանայվում են: Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ, շատ հաճախ, նախկինում գոյություն ունեցած բալանսները փոփոխության են ենթարկվում: Այս առումով, դինամիզմը մեծ է: Հայաստան-Հունաստան-Կիպրոս գործակցությունը դրա վկայություններից մեկն է, որովհետև այս դաշինքը մենք հակադրում ենք բարբարոսությանը, որին այսօր հանդիպում ենք օրինակ` Արցախում. մենք ասում ենք՝ այս դաշինքը արժեքային է: Մենք տեսնում ենք, որ հարավարևելյան Եվրոպայում արժեքային մի դաշինք է ստեղծվել և այսօր մենք տեսնում ենք Հունաստանի աշխարհաքաղաքական նոր հետաքրքիր դերակատարումը և այդ դերակատարումն այս պահին միայն ու միայն բերում է Թուրքիայի՝ որպես անկայունության էպիկենտրոնի, որոշակի բալանսավորման:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ազդեցությունն ու Պոմպեոյի մեսիջը

Հունաստանում շատ լավ հասկանում են, որ իրավիճակի վրա իրական ազդեցություն կարող է ունենալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը: Հունաստանում շատ լավ հասկացել են նաև ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի մեսիջը, որն ուղղված է բացառապես Թուրքիայի ապակառուցողական, քայքայիչ գործունեության դեմ: Այդ մեսիջը չի կարող լրացուցիչ ազդակ չլինել ամերիկյան այլ դաշնակիցներին, որոնք պետք է արդեն եզրակացություններ անեն: Գուցե, դա նաև ազդակ էր Բաքվին, որ ինքը պետք է համակերպվի այն մտքի հետ, որ Արցախի խնդիրը չի կարող դիտարկվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի մեջ:

Հունական հասարակության արձագանքն Ադրբեջանի սանձազերծած պատերազմին

Լինելով ժողովրդավարական պետություն, հասարակության արձագանքն էլ է շատ կարևոր որոշումներ ընդունողների համար: Մենք տեսնում ենք, թե՛ հունական մամուլում, թե՛ հունական հասարակությունում այդ միահամուռ աջակցությունը մեր արդար պայքարին: Հայաստանում դա չեն կարող չգնահատել և գնահատում են մեծապես:

Հոկտեմբերի 3-ին Արցախի Հանրապետության հանդեպ Ադրբեջան-Թուրքիա տանդեմի սանձազերծած ագրեսիայի դեմ երեկոյան բողոքի ակցիա է տեղի ունեցել Հունաստանի Սալոնիկ քաղաքի կենտրոնում՝ «Սպիտակ» աշտարակի մոտ, որն առաջին նմանօրինակ ակցիաներից էր արտերկրում: