կարևոր
1585 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-16 16:09

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախում 34 քաղաքացիական անձ է զոհվել

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախում 34 քաղաքացիական անձ է զոհվել

Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ 34 քաղաքացիական անձ է զոհվել: Այս մասին տեղեկացնում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

«Ադրբեջանը անցած գիշեր շարունակել է թիրախավորել Արցախի քաղաքացիական բնակավայրերը ծանր հրետանիով: Կարմիր Շուկա գյուղում նրանք կիրառել են «Սմերչ»-ի կասետային ռումբեր, որի հետևանքով ևս մեկ քաղաքացիական անձ է զոհվել և մեկը վիրավորվել: Ընդհանուր առմամբ զոհվել է 34 քաղաքացիական անձ և 2 ռազմագերի»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նշել է Բելգարյանը:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ ադրբեջանական զինված ուժերի հրթիռակոծության արդյունքում վիրավորված քաղաքացիական անձը՝ Քարվաճառի շրջանի Քարավան գյուղի բնակիչ Մարինե Փիլոսյանն է։ Նրա վիճակը կայուն է։

Արցախի ԱԻՆ-ը հայտարարել է, որ հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը, հատկապես լուսադեմին, թշնամին հրետանու կիրառմամբ ինտենսիվ կրակ է բացել Մարտունի քաղաքի և Կարմիր Շուկա բնակավայրի ուղղությամբ, իսկ առավոտյան` Բերդաշեն համայնքի ուղղությամբ։ Հրետակոծվել են Հադրութի շրջանի Տող, Քաշաթաղի շրջանի Տիգրանավան, Այգեհովիտ և Աղավնո բնակավայրերը։

Հոկտեմբերի 15-ին սոցիալական ցանցերում տեսանյութ էր տարածվել, որտեղ Ադրբեջանի բանակի զինվորները գնդակահարում էին հայ ռազմագերիներին։ Արցախի գլխավոր դատախազությունից հայտնել են, որ իրականացված միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ պաշտպանության միջոցներից զրկված, փաստացի գերու կարգավիճակ ունեցող երկու քաղաքացիական անձանց՝ Հադրութ քաղաքի բնակիչ, 1947թ. ծնված Բ.Հ.-ի և Հադրութի շրջանի Տայք գյուղի բնակիչ, 1995թ. ծնված Յ. Ա.-ի սպանությունը, միջազգային մարդասիրական իրավունքի լրջագույն խախտմամբ, կատարվել է Ադրբեջանի Հանրապետության դիվերսիոն խմբի զինծառայողների կողմից Հադրութ քաղաք ներթափանցելու ընթացքում, Արթուր Մկրտչյան փողոցում: