կարևոր
1877 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-16 15:14

Արցախի մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքի իրականացման ճանաչումն առաջնային խնդիր է. Մնացականյան

Արցախի մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքի իրականացման ճանաչումն առաջնային խնդիր է. Մնացականյան

ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն արտաքին քաղաքականության առաջնահերթ խնդիր է համարում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը: Այս մասին Մնացականյանն ասել է Հունաստանի Արտաքին գործերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

«Հայաստանի համար հարցը եղել և մնում է առավել քան պարզ` խոսքը գոյութենական անվտանգությանն է վերաբերում: Մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքի իրականացման ճանաչումն առաջնային, գերակա խնդիրն է, այսօր նաև արտահայտվում է այն փաստով, որ սա ամենից բացի նաև պաշտպանության միջոց է: Մենք շարունակելու ենք աշխատել միջազգային հանրության ու մեր գործընկերների հետ, հավատարիմ ենք հոկտեմբերի 10-ին Մոսկվայում հասած պայմանավորվածությանը, մենք շարունակում ենք պնդել, որ ուժի միջոցով այս խնդիրը հանգուցալուծում չի ունենալու: Այս հանգամանքն ի ցույց են դնում մեր հայրենակիցները, խիզախները, որոնք Արցախում վճռականություն են ցուցաբերում` պաշտպանելու հողը, հայրենիքը, կյանքը, ընտանիքը: Նրանք բացառելու են թշնամուն ենթադրելու, որ երբևէ այս խնդիրը կարող է ունենալ ռազմական լուծում: Հակառակորդն ունենալու է ավելի խորը ճգնաժամ»,- ասել է Մնացականյանը:

Անդրադառնալով միջազգային հանրության կոչերին, որոնք նշում են, որ հակամարտությունը ունի միայն խաղաղ և բանակցային լուծում, Մնացականյանը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում այդ կոչերը, սակայն դրանք անտեսվում են Ադրբեջանի կողմից:

«Մենք շատ բարձր ենք գնահատում այն ընդհանուր ընկալումը և գնահատականը, որ ձևավորվել է մեր գործընկերների և միջազգային հանրության մոտ, որ անհնար է թաքցնել իրողությունը, որ սա իրականացված ագրեսիա է մեր հայրենակիցների նկատմամբ` Արցախի բնակչության նկատմամբ, որի թիրախ են մարդիկ, քաղաքացիական բնակչությունը, որի միջոցով ընտրված է ուժի կիրառմամբ, ագրեսիայի, պատերազմի ճանապարհը` հիմնախնդրին լուծում տալու: Հայաստանը` հանդիսանալով մեր հայրենակիցների անվտանգության միակ երաշխավորը, եղել և մնում է նրանց պաշտպանը և աջակիցը: Ամենահիմնական խնդիրներից մեկն այն է, որ երկու նոր հանգամանքները` Թուրքիայի գործոնը և միջազգային ահաբեկիչների գործոնը, ստեղծել են ամենավտանգավոր հաշվարկը Բաքվում, որ իրենք կարող են չլսել միջազգային հանրության մոտեցումն այս խնդրում: Դա, բնականաբար, վտանգավոր է ու միևնույն ժամանակ, վստահաբար, ունի իր հետևանքները»,- նշել է ԱԳ նախարարը:

Զոհրաբ Մնացականյանը հավելել է, որ Հայաստանը շարունակելու է աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, ինչպես նաև իր բոլոր գործընկերների հետ, որպեսզի էլ ավելի ուժեղացնի քաղաքական և դիվանագիտական անհրաժեշտ գործիքների կիրառումը՝ հասնելու խաղաղ հանգուցալուծմանը:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր: