27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Հունաստանի Արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին: Այս մասին Հայաստանի և Հունաստանի Արտաքին գործերի նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Մենք այսօր ունեցանք արդյունավետ ու կառուցողական քննարկում մեր ընդգրկուն օրակարգի շուրջ: Մեր հանդիպումը տեղի է ունենում մի իրավիճակում, երբ Արցախում մեր հայրենակիցները կանգնած են գոյութենական վտանգի առջև: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հունաստանի իմ գործընկերոջը՝ այս իրավիճակում Հայաստան այցելելու և իր համերաշխությունը հայ ժողովրդին հայտնելու համար: Մեր տարածաշրջանները՝ Արևելյան միջերկրականն ու Կովկասը, այս պահին բախվում են նույն սպառնալիքին, որի հիմքում Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունն է»,- ասել է Մնացականյանը:
ՀՀ արտգործնախարարը նշել է, որ Հայաստանի և Հունաստանի հարաբերությունն ավանդաբար աչքի են ընկել ջերմությամբ ու բարեկամական բնույթով:
«Մեր երկու բարեկամական հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով: Շատ կարևոր է, որ մեր երկրները միջազգային օրակարգի բազմաթիվ հարցերի շուրջ ունեն համահունչ մոտեցում: Մեր երկկողմ հարաբերությունները նաև կարևորվում են Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը:
Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր: