կարևոր
1424 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-16 14:32

Շահան Գանտահարյանը Արցախի անկախության ճանաչման իրավաքաղաքական բարենպաստ պայմաններ է տեսնում

Շահան Գանտահարյանը Արցախի անկախության ճանաչման իրավաքաղաքական բարենպաստ պայմաններ է տեսնում

Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն ընդգծում է՝ ռազմաքաղաքական նախադրյալները հուշում են, որ ձևավորվում է Արցախի միջազգային ճանաչման իրավաքաղաքական բարենպաստ ենթահող: 

«Կարծում եմ մի քանի կարևոր հանգամանք անպայման պետք է նկատի ունենալ՝ Արցախի ճանաչման իրավաքաղաքական ենթահողի ձևավորումը նկատելու համար։ Նախ՝ իհարկե Թուրքիայի ներգրավվածության փաստը։ Արդեն ամենաբարձր ատյաններից հնչում են, քվեարկվում են Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ դատապարտումներ։ Քննադատվում են Ադրբեջանի ագրեսիան ու այդ ագրեսիան  քաջալերող Անկարայի մոտեցումները, առավել ևս՝ Անկարայի կողմից ահաբեկչության տարհանումը դեպի Հարավային Կովկաս։ Այս բոլորը քննադատվում են գերտերությունների պաշտոնական մակարդակներով։ Թուրքիայի և Ադրբեջանի նույնականացումը կհանգեցնի Արցախի նկատմամբ իրավաքաղաքական բարենպաստ միջազգային դիրքորոշումների։ Այն պետությունը, որը իր շահերից մեկնած հարվածում էր Թուրքիային Ցեղասպանության ճանաչմամբ առաջին հերթին կդատապարտի Անկարայի ագրեսորությունը, ռազմատենչությունն ու խաղաղարար ճիգերը խափանելու ընթացքը։ Հակաթուրք տրամադրությունների ալիքի բարձրացումը կհանգեցնի Արցախի ճանաչմանն ուղղված նախատրամադրությունների բարձրացմանը»,- ասել է Գանտահարյանը:

Նրա խոսքով՝ այն փաստը, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի մնայուն անդամ, ԵԱՀԿ-ի ՄԽ-ի  համանախագահող  եւ ՆԱՏՕ-ի անդամ Ֆրանսիայի Ազգային ժողովը կքննի Արցախի ճանաչման օրինագիծը՝ ուղենշային է։ «Գուցե այս հանգրվանին չի լինի ճանաչումը ,բայց  խորհրդարանական քննարկումների մեկնարկը ուղի կհարթի առաջադրանքի կատարողականության։ Արդեն նահանգային եւ քաղաքային խորհուրդների մակարդակով թափ են հավաքում ճանաչման և դեպի իրենց երկրների խորհրդարաններ ճանաչման կոչերի ալիքի բարձրացման միտումները։ Պետական դիվանագիտության և սփյուռքահայ լոբբիի համակարգված աշխատակարգը՝ ստեղծված բարենպաստ քաղաքական ֆոնի վրա, կարող է հանգել աննախադեպ արդյունքների՝  Արցախի Հանրապետության ճանաչման ուղիների հարթման առումով։

Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսությունում կայացել է համասփյուռքայն գործունեություն ունեցող հասարակական եւ հոգևոր կառույցների և կազմակերպությունների ներկայացուցիչների խորհրդակցություն, որի վերաբերյալ հրապարակվել է հայտարարություն. Հայտարարության մեջ շեշտել է օրվա հրամայականը՝ աշխատանքները կենտրոնացնել Արցախի միջազգային ճանաչումն ապահովելու ուղղությամբ։