կարևոր
2533 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-16 00:15

Ադրբեջանի ԶՈւ կողմից Արցախի երկու բնակիչների դաժանաբար սպանելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Ադրբեջանի ԶՈւ կողմից Արցախի երկու բնակիչների դաժանաբար սպանելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Արցախի Հանրապետութան դեմ Ադրբեջանի Հանրապետության սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում Արցախի երկու բնակիչների դաժանաբար սպանելու դեպքի առթիվ ՀՀ Գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Սոցիալական ցանցերում այսօր ակտիվորեն տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները, ակնհայտ ազգային ատելության շարժառիթներից ելնելով, կրակահերթեր արձակում անզեն և անպաշտպան մեկ տարեց և մեկ երիտասարդ անձանց ուղղությամբ՝ առանձնակի դաժանության ցուցաբերմամբ շարունակելով կրակել նաև նրանց վայր ընկած մարմինների վրա: Սպանություն կատարելու նշված՝ դեպքի առթիվ ԱՀ գլխավոր դատախազության կողմից ԱՀ քրեական օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ»,- գրել է Աբրահամյանը:

Գլխավոր դատախազի խորհրդականը հայտնել է, որ իրականացված միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ պաշտպանության միջոցներից զրկված, փաստացի գերու կարգավիճակ ունեցող երկու քաղաքացիական անձանց՝ Հադրութ քաղաքի բնակիչ, 1947թ. ծնված Բ.Հ.-ի և Հադրութի շրջանի Տայք գյուղի բնակիչ, 1995թ. ծնված Յ. Ա.-ի սպանությունը, միջազգային մարդասիրական իրավունքի լրջագույն խախտմամբ, կատարվել է Ադրբեջանի Հանրապետության դիվերսիոն խմբի զինծառայողների կողմից Հադրութ քաղաք ներթափանցելու ընթացքում, Արթուր Մկրտչյան փողոցում:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչության ուշադրության կենտրոնում է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված՝ հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութը: Դրա հիման վրա նյութեր են նախապատրաստվում ՄԻԵԴ դիմելու նպատակով: