կարևոր
4993 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-15 21:15

Արցախը մեր հայրենիքն է, մեր տունը, հայրենիքն ու տունը չեն զիջվում ոչ մի գնով. Արարատ Միրզոյան

Արցախը մեր հայրենիքն է, մեր տունը, հայրենիքն ու տունը չեն զիջվում ոչ մի գնով. Արարատ Միրզոյան

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդգծում է, որ Արցախի դեմ սանձազերծված պատերազմի նպատակը ոչ թե տարածք պոկելն է, այլ մեր ազգի ու պետության խեղճ ու անճար բուտաֆորիայի վերածումն է՝ շեշտելով, որ այլ տարբերակ չկա, քան մինչև վերջ կանգնելը: Աս մասին Արարատ Միրզոյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Այս պատերազմը նոր չի սկսվել։ Այս պատերազմը առնվազն մի քանի հարյուր տարի է վարում են մեր դեմ։ Նպատակը տարածք պոկելը չէ, Վարանդան ու Բերձորը չեն, ոչ էլ Շուշին ու Ստեփանակերտը։ Նպատակը մեր ազգի ու պետության խեղճ ու անճար բուտաֆորիայի վերածումն է, քաղաքական քարտեզից մեր վերացումը, հնարավորության դեպքում՝ ի սպառ բնաջնջումը։ Սարդարապատում, Նժդեհյան գոյամարտում, Արցախյան ազատամարտում մենք դա կանխել ենք։ Փոխել ենք բանաձևը։ Սա՛ չի ներվում մեզ։ Սա՛ էն ուզում կոտրել, ու մեզ նորից Դեր-Զորի գլխիկոր լուռումունջը դարձնել։

Զիջեցինք Արցախը, զիջելու ենք Մեղրին ու հետո Երևանը։ Պիտի կանգնենք, այլ տարբերակ չկա։ Մի անգամ պիտի կանգնենք մինչև վերջ։

Խրիմյան Հայրիկը Բեռլինի կոնգրեսից որ հետ եկավ, երկաթե շերեփից բացի մի ուրիշ բան էլ ասաց։ Ասաց՝ սերբերի թրից արյուն էր կաթում, դրա համա՛ր իրենց երկիր տվեցին։

Արցախը մեր հայրենիքն է, մեր տունը։ Հայրենիքն ու տունը չեն զիջվում։ ՈՉ ՄԻ ԳՆՈՎ։

Կեցցե հավերժական հայ ժողովուրդը։

Հաղթելու ենք։ Անկասկած հաղթելու ենք»,- գրել է Միրզոյանը։