կարևոր
1505 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-15 20:36

Արցախի ՄԻՊ-ը պատերազմական հանցագործություն է որակում ենթադրաբար հայ ռազմագերիներին գնդակահարելը

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված՝ ենթադրաբար հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութին: Բեգլարյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է, որ սա Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործության հերթական ապացույց է, որը տարածվել է ադրբեջանական աղբյուրից:

«Ադրբեջանական սոցիալական ցանցերում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները նվաստացնում և սպանում արցախցի ռազմագերիներին, որոնցից մեկը տարեց քաղաքացիական է: Մենք արդեն ունենք այսպիսի պատերազմական հանցագործությունների բազմաթիվ ապացույցներ, որոնք Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքում է: Ահա ադրբեջանական աղբյուրով ապացույցը»,- գրել է Բեգլարյանը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչության ուշադրության կենտրոնում է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված՝ ենթադրաբար հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութը: Դրա հիման վրա նյութեր են նախապատրաստվում ՄԻԵԴ դիմելու նպատակով: