Հակաօդային պաշտպանության զորքերն Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների 18 օրվա ընթացքում խոցել են հակառակորդի ավելի քան 180 օդային հարձակման միջոց: Ասուլիսում այս մասին ասաց Հակաօդային պաշտպանության զորքերի պետի տեղակալ-Շտաբի պետ Գարիկ Մովսեսյանը:
«18 օրվա մարտական գործողությունների արդյունքում մեր կողմից խոցվել է հակառակորդի ավելի քան 180 օդային հարձակման միջոց, այդ թվում, հաստատված տվյալներով, 15 ինքնաթիռ, 8 ուղղաթիռ և տարբեր բնույթի ԱԹՍ-ներ»,- ասաց Մովսեսյանը:
Գնդապետ Մովսեսյանը հավելեց, որ բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են, որպեսզի ՀՕՊ-ը լինի ինքնաբավ, կարողանա կատարել օդային սահմանների պաշտպանության և պահպանության մարտական խնդիրները:
Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր: