Ադրբեջանի զինանոցում կան և կիրառվում են թուրքական և իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքեր, ավելին՝ ադրբեջանական սպառազինությունում առկա ԱԹՍ-ները հիմնականում հենց այս երկու երկրների արտադրության են: Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց Հակաօդային պաշտպանության զորքերի պետի տեղակալ-շտաբի պետ Գարիկ Մովսեսյանը:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք Ադրբեջանի զինանոցում կան թուրքական, իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքեր և արդյոք կիրառվել են, Մովսեսյանը պատասխանեց՝ այո, կան: «Հիմնականում իրենց սպառազինությունում այդ երկու պետությունների ԱԹՍ-ներն են»,-ասաց Մովսեսյանը:
Մասնավորապես, նա անդրադարձավ թուրքական արտադրության «Բայրաքթար» տեսակի ԱԹՍ-ների ն, որոնք կարող ենք մինչև 12 հազար մետր բարձրության վրա թռիչք իրականացնել, վարել ակտիվ հետախուզություն, երկար ժամանակ մնալ օդում և ուղղորդել կրակային միջոցներին:
Անդրադառնալով Ադրբեջանի հայտարարություններին, թե իբր Հայաստանի Հանրապետության տարածքին հարվածներ չեն հասցրել՝ Մովսեսյանը նշեց, որ դրանք սուտ են: «Առաջին իսկ օրվանից հակառակորդը հրթիռային հարվածներ է հասցրել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքին և մերձակա բնակավայրերին, հետագա օրերին նաև Սյունիքի մարզի ուղղությամբ, որոնց արդյունքում ունենք զոհեր, վիրավորներ: Հոկտեմբերի 10-ին հակառակորդը հարվածային ԱԹՍ-ներով երկու անգամ հարված է հասցրել Կապան քաղաքի օդային պաշտպանությունն իրականացնող հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներին, որի արդյունքում ունենք անձնակազմի կորուստներ, կա նաև սպառազինության՝ ռազմական տեխնիկայի ոչնչացում»,-ասաց նա: