կարևոր
1466 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-15 12:49

Ինչո՞ւ եք անտեսում Հադրութում գազանաբար սպանված կնոջը և նրա հաշմանդամ որդուն. Ռուբեն Մելիքյանը՝ Հայաստանում ՄԱԿ մշտական ներկայացուցչին

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը ՖԲ էջում գրում է.

«Սոցիալական ցանցերում երեկ ուշ երեկոյան «պարսավանքի արշավ» սկսելուց մոտ մեկ ժամ անց Հայաստանում ՄԱԿ մշտական ներկայացուցիչը հանդես եկավ թվիթով, որում հայտնեց իր վշտացածությունը՝ Վարդենիսում 14-ամյա տղայի թիրախավորման ու վիրավորման կապակցությամբ։

Փաստորեն, պարոն Շոմբի Շարպը վշտացած է միայն այս մեկ դրվագով և փաստորեն ամենևին վշտացած չէ Արցախում քաղաքացիական բնակչության թիրախավորման, 31 քաղաքացիական անձանց (այդ թվում՝ կանանց, երեխաների) մահով, 100-ից ավել քաղաքացիական անձանց ծանր վիրավորումով, դպրոցների, եկեղեցու թիրախավորմամբ, կենսական ենթակառուցվածքների դեմ հարվածներով։

Իհարկե, ոմանք կասեն՝ ՄԱԿ-ն ունի կանոններ, էսպես, էնպես։

Բայց չէ՞ որ ՄԱԿ-ն ունի նաև սկզբունքներ։ ՄԱԿ-ի Կայուն զարգացման սկզբունքներից երկրորդը շատ խոսուն է – Leave No One Behind. «Ոչ ոք չպետք է անտեսվի»։

Բա ինչո՞ւ եք անտեսում Ստեփանակերտի ու Արցախի մյուս բնակավայրերի քաղաքացիական անձանց։ Ինչո՞ւ եք անտեսում Հադրութում գազանաբար սպանված կնոջը և նրա հաշմանդամ որդուն։ Ինչո՞ւ:

Կարծում եմ՝ պարոն Շարպին և նրա գործընկերներին պետք է հիշեցնել Leave No One Behind սկզբունքը»: