կարևոր
1413 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-15 10:22

UNICEF-Հայաստանը ցավ է հայտնում ՀՀ Գեղարքունիքի մարզում 14-ամյա երեխայի ծանր վիրավորվելու կապակցությամբ

UNICEF-Հայաստանը ցավ է հայտնում ՀՀ Գեղարքունիքի մարզում 14-ամյա երեխայի ծանր վիրավորվելու կապակցությամբ

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) Հայաստանի գրասենյակը ցավ է հայտնում ՀՀ Գեղարքունիքի մարզում ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածից 14-ամյա երեխայի ծանր վիրավորվելու կապակցությամբ և վերահաստատում է բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները պաշտպանելու իր անհապաղ կոչը:

«Ցավով տեղեկացանք, որ Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքում 14-ամյա երեխա է ծանր վիրավորվել բերքահավաքի նպատակով դաշտ գնալու ճանապարհին։ Սրտով նրա և բոլոր այն երեխաների հետ ենք, ովքեր տուժել են այս հակամարտությունից։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերահաստատում է բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները պաշտպանելու իր անհապաղ կոչը. ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը բխում է յուրաքանչյուր երեխայի լավագույն շահից։

Մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ հակամարտությունից տուժած երեխաներին սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրելու և նրանց այլ կարիքները հոգալու ուղղությամբ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է UNICEF-ի հաղորդագրության մեջ։

Գեղարքունիքի մարզում բնակվող Արզոյանների ընտանիքը հոկտեմբերի 14-ին առավոտյան սովորականի պես գնում էր իրենց հողատարածքը մշակելու։ Ադրբեջանական ԱԹՍ-ն հարվածել է մեքենային։ Ընտանիքի 14-ամյա որդին' Նարեկը, բեկորային վնասվածքով, ծանր վիճակում տեղափոխվել է Երեւան, վերակենդանացման բաժանմունքում է: