կարևոր
1558 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-15 10:08

Ստեփանակերտը մաքրվում է թշնամու արձակած ռումբերից և հրթիռներից. ԱԻ պետական ծառայություն (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ստեփանակերտը մաքրվում է թշնամու արձակած ռումբերից և հրթիռներից. ԱԻ պետական ծառայություն (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Բնակչության անվտանգ կենսապահովման նպատակով ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Կարեն Սարգսյանի հանձնարարականով, ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը շարունակում են մայրաքաղաք Ստեփանակերտը մաքրել պայթած ու չպայթած ռումբերից և հրթիռներից:

Սակրավորներն արդեն մի քանի թաղամասերի հարակից տարածքներում և բանուկ ճանապարհների մոտակայքում գտնվող 300մմ «Սմերչ» տեսակի հրթիռները հանել և ոչնչացնելու նպատակով տեղափոխել են անվտանգ վայր:

Աշխատանքները կշարունակվեն նաև առաջիկա օրերին, իսկ կրակի ամբողջական դադարից հետո՝ շրջաններում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 14-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 19 ինքնաթիռ, 176 անօդաչու թռչող սարք, 521 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 5489 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 555 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 32 քաղաքացիական անձ, վիրավորվել է 106 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։