կարևոր
907 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-15 09:42

Դատապարտում ենք Ադրբեջանի կողմից հոսպիտալի գնդակոծությունը. սա ցույց է տալիս, որ Ադրբեջանի, Թուրքիայի, ահաբեկիչների դաշինքը հետ չի կանգնելու որևէ հանցագործությունից. Արցախի ԱԳՆ

Դատապարտում ենք Ադրբեջանի կողմից հոսպիտալի գնդակոծությունը. սա ցույց է տալիս, որ Ադրբեջանի, Թուրքիայի, ահաբեկիչների դաշինքը հետ չի կանգնելու որևէ հանցագործությունից. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարությունը  տարածել՝ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության հյուսիս-արևելքում տեղակայված հոսպիտալի դիտավորյալ գնդակոծության հետ կապված:

Հայտարարությունում մասնավորապես ասվում է.

«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության հյուսիս-արևելքում տեղակայված հոսպիտալի դիտավորյալ գնդակոծությունը, որտեղ բուժում էին ստանում նաև քաղաքացիական անձինք: Պատերազմի օրենքների և սովորույթների նմանատիպ կոպիտ խախտումը հերթական անգամ ցույց է տալիս, որ իր աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու ճանապարհին Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների եռյակ դաշինքը հետ չի կանգնելու որևէ հանցագործությունից։

Ադրբեջանը, որի գործողությունները հովանավորվում և ղեկավարվում են Թուրքիայի կողմից, ոչ միայն հրաժարվում է պահպանել մարդասիրական հրադադարը, այլև նպատակաուղղված կերպով ընդլայնում է ագրեսիայի մասշտաբներն ու աշխարհագրությունը: Մասնավորապես՝ հոկտեմբերի 14-ին ադրբեջանա-թուրքական զինված ուժերը հարվածել են Հայաստանի Հանրապետության տարածքին՝ նոր մակարդակի հասցնելով տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանն ուղղված սպառնալիքները:

Ադրբեջանա-թուրքական կողմի հանցավոր գործողությունները պետք է արժանանան ամենախիստ դատապարտման և վճռական միջոցների` հետագայում դրանց կրկնությունը կանխելու համար: Միջազգային հանրության կողմից Թուրքիայի, Ադրբեջանի և միջազգային ահաբեկիչների եռյակ դաշինքից բխող վտանգի հետագա անտեսումը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ ոչ միայն Հարավային Կովկասի համար, այլև նրա սահմաններից դուրս:

Վերստին ընդգծում ենք, որ այն պայմաններում, երբ Ադրբեջանի իշխանությունները, ստանալով Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների աջակցությունը և մնալով անպատիժ, կորցրել են իրականության զգացումը և միտումնավոր կերպով տորպեդահարում են Ռուսաստանի Դաշնության և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խաղաղարար նախաձեռնությունները՝ բռնության աճը կասեցնելու, բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու և տարածաշրջանում տևական ու կայուն խաղաղություն ապահովելու միակ արդյունավետ միջոցը Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումն է»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 14-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 19 ինքնաթիռ, 176 անօդաչու թռչող սարք, 521 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 5489 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 555 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 32 քաղաքացիական անձ, վիրավորվել է 106 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում: