ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են հոկտեմբերի14-ին Ադրբեջանի ԱԹՍ-ի հարձակման հետևանքով վիրավորված 14-ամյա Ն. Ա.-ին։ Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։
«Հոկտեմբերի 14-ի վաղ առավոտյան՝ ժամը 09:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը ԱԹՍ-ի հարվածներ են հասցրել Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքին մոտ գտնվող Սոթք համայնքի ուղղությամբ:
Ադրբեջանական ԱԹՍ-ի հարձակումների արդյունքում ծանր վիրավորում է ստացել երեխա՝ Վարդենիս քաղաքի բնակիչ, 14-ամյա Ն. Ա.-ն, ով ներկայում գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:
ԱԹՍ-ի հարվածները եղել են գյուղատնտեսական նշանակություն ունեցող ցանքատարածության անմիջական ուղղությամբ, որտեղ տվյալ պահին կարտոֆիլի սեզոնային բերքահավաք իրականացնելու նպատակով գտնվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ:
Այս տեղեկությունը հաստատվել է համայնքի ղեկավարի և բնակիչների կողմից, որոնք դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին: Այնուհետև, այս տեղեկությունը որոշակի ծավալով տարածում է ստացել նաև մամուլի մի շարք հրապարակումներում:
Այցի ընթացքում առանձնազրույցներ են տեղի ունեցել վիրավորում ստացած երեխայի, նրա հոր և բժշկական անձնակազմի հետ: Դրանից բացի, մի շարք հարցեր են քննարկվել նաև համայնքի ղեկավարի հետ:
Այս փաստը հատկապես հաստատում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից խաղաղ բնակչությանը թիրախավորելու և կյանքից ապօրինաբար զրկելու հանցավոր մտադրությունը:
Ուշադրության է արժանի նաև այն, որ ինչպես նշել է վիրավորում ստացած երեխան, ինքն ու ավագ եղբայրը, ինչպես նաև իրենց համայնքի մյուս երեխաները Ադրբեջանի զինված ուժերի կողմից շարունակական ռամզաօդային հրթիռակոծումների պատճառով զրկված են դպրոց հաճախելու հնարավորությունից, քանի որ Վարդենիս քաղաքի և հարակից համայնքների դպրոցները ԱԹՍ-ների կողմից թիրախավորվում են, ուստի ժամանակավորապես չեն գործում:
Երեխան ունի աջակողմյան պնևմոթորաքս, ձախակողմյան թափանցող հեմոպնևմոթորաքս, որովայնի բութ վնասվածք, փայծաղի սուբկապսուլյար հեմատոմա, ինչպես նաև աջակողմյան հյուսվածքում առկա է բեկոր: Երեխան ունեցել է արյան կորուստ:
Մարդու իրավունքների, հատկապես՝ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող միջազգային կազմակերպությունները պետք է հրատապ միջոցներ ձեռնարկեն այս դեպքերին պատշաճ իրավական գնահատական տալու, ինչպես նաև հետագայում դրանք բացառելու նպատակով:
Երեխաների նկատմամբ չտարբերակված և հաճախ թիրախավորված հարձակումները պետք է արժանանան խստագույն դատապարտման միջազգային հանրության կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ: