կարևոր
1731 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-14 17:37

ՄԻԵԴ-ը Ադրբեջանից պահանջել է գերեվարված հայ զինծառայողների վերաբերյալ անհապաղ տեղեկություններ տրամադրել

ՄԻԵԴ-ը Ադրբեջանից պահանջել է գերեվարված հայ զինծառայողների վերաբերյալ անհապաղ տեղեկություններ տրամադրել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է հայկական զինված ուժերի գերեվարված երկու զինծառայողի վերաբերյալ անհապաղ տեղեկություն տրամադրել: Այս մասին հայտարարություն է տարածել իրավաբան-իրավապաշտպանների խումբը, որը հրապարակել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը:

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում հայկական զինված ուժերի երկու զինծառայողներ Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը գերեվարվել են: Տեղեկատվություն է տարածվել, որ նրանք վնասվածքներ ունեն։
Գերեվարված զինծառայողների ընտանիքի անդամների անունից իրավաբանների խումբը սույն թվականի հոկտեմբերի 11-ին Եվրոպական դատարան դիմում է ներկայացրել հրատապ միջոց կիրառելու մասին՝ պահանջելով Դատարանին պարտավորեցնել Ադրբեջանին գործել միջազգային մարդասիրական սովորութային իրավունքի և ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման մասին 2020 թ. Հոկտեմբերի 10-ի  զինադադարի համաձայնությանը համապատասխան և վերջիններիս ԿԽՄԿ հովանու ներքո վերադարձնել Հայաստանի իշխանություններին, ինչպես նաև մինչև վերադարձը ձեռնարկել բոլոր միջոցները պաշտպանելու նրանց կյանքը և ապահովելու նրանց ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիությունը, ապահովել պատշաճ բժշկական օգնություն»,- նշում են իրավաբան-իրավապաշտպանների խմբից։

Նա նաև հայտնել է, որ իրենք ծանուցվել են, որ դատարանը հոկտեմբերի 12-ին գրանցել է գործը և ծանուցել Ադրբեջանի կառավարությանը:

Դատարանը որոշել է Ադրբեջանի կառավարությունից պահանջել տրամադրել մի քանի տեղեկություն.

  1. պայմանները, որոնցում ներկայումս պահվում են գերեվարված երկու զինծառայողը
  2. տեղեկություններ բժշկական հետազոտությունների և նրանց առողջական վիճակի մասին,
  3. տեղեկություններ նշված երկու զինծառայողի փոխանակման հնարավորության մասին՝ պայմանավորված Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև մարդասիրական հրադադարի դրույթներով։

Հարցադրումներին պատասխանելու համար Ադրբեջանի կառավարությանը տրվել է վերջնաժամկետ մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 22-ը»,-նշված է հայտարարության մեջ: