կարևոր
1427 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-14 16:21

Իտալիայում ՀՀ դեսպանն իտալական հասարակությունից և պատգամավորներից բազմաթիվ աջակցող նամակներ է ստացել

Իտալիայում ՀՀ դեսպանն իտալական հասարակությունից և պատգամավորներից բազմաթիվ աջակցող նամակներ է ստացել

Իտալիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանն Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների օրերին բազմաթիվ աջակցության խոսքեր, զանգեր և նամակներ է ստացել Իտալիայի խորհրդարանականներից և իտալական հասարակությունից: Այս մասին ասել է Իտալիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը:

- Տիկին Համբարձումյան, ինչպե՞ս եք գնահատում Իտալիայի կառավարության դիրքորոշումը հայ ժողովրդի համար այս դժվարին պահին:

- Իտալական կողմը Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի առաջին իսկ պահից մտահոգություն է հայտնել շփման գծի երկայնքով բախումների կապակցությամբ և կոչ է արել անհապաղ դադարեցնել բռնությունները։ Մոսկովյան հանդիպումից հետո իտալական կողմը ողջունեց մարդասիրական նպատակներով կրակի դադարեցման մասին հայտարարությունը և բարձր գնահատեց հակամարտության լուծման համար առարկայական բանակցությունները՝ խթանելու կողմերի՝ միաժամանակ ստանձնած հանձնառությունը: Միաժամանակ, իտալական կողմը հաստատեց զենքով հակամարտությունը լուծելու անհնարինությունը և կոչ արեց կողմերին շուտափույթ վերսկսել բանակցությունները առանց նախապայմանների Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։ Ցավում եմ, որ ադրբեջանական կողմը, չնայած Իտալիայի կառավարության կողմից արված հստակ կոչերին, այդպես էլ ականջալուր չեղավ և ոչ մի րոպե չկանգնեցրեց կրակը։

-Կա՞ արդյոք դիրքորոշման տարբերություն կառավարության և մի շարք պատգամավորների միջև, որոնք դատապարտում են ադրբեջանական ագրեսիան։

- Ընդհանուր առմամբ, ցանկացած երկրում խորհրդարանականները շատ ավելի անկաշկանդ են իրենց հրապարակային հայտարարություններում, քան կառավարության ներկայացուցիչները։ Իտալիայի բազմաթիվ խորհրդարանականներ՝ թե Պատգամավորների պալատի անդամներ, թե սենատորներ, դատապարտել են Թուրքիայի գործուն աջակցությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան և իրենց համերաշխությունն են հայտնել ազատության և ժողովրդավարական զարգացման ուղին բռնած Արցախի Հանրապետությանը։ Եղել են նաև խորհրդարանականներ, որոնք, քաջ գիտակցելով Արցախի ժողովրդի գլխին կախված էքզիստենցիալ վտանգը, հրամայական են համարել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, ինչն արտահայտել են իրենց հրապարակային ելույթներում։ Այսօր ժամեր առաջ ես ուղիղ եթերով դիտում էի հայ համայնքի կազմակերպած ցույցը Հռոմում, որը վերածվեց Իտալիայի խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերի կողմից քաղաքական ակցիայի՝ ընդդեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի, ընդդեմ նվաճողական քաղաքականության և ի աջակցություն Արցախի ժողովրդի։ Այս օրերին ոչ միայն խորհրդարանականները, այլև ողջ իտալական հասարակությունից անհամար աջակցության խոսքեր, զանգեր, նամակներ եմ ստացել։ Եվ հենց այստեղ է, որ անկախ աշխարհաքաղաքական շահերից դու զգում ես այս երկրի հասարակության բարձր մակարդակը, ու ևս մեկ անգամ առավել ցայտուն գիտակցում, որ դու աշխատում ես աշխարհի հնագույն քաղաքակրթությունը կրող երկրում։