Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հոկտեմբերի 10-ին ժամը 22։00-ին կայացավ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը, որի ընթացքում նա նշեց, որ վաղ առավոտյան Ադրբեջանի ԶՈՒ-երը Արցախի սահմանի գրեթե ողջ երկայնքով լայնամասշտաբ հարձակողական գործողություններ են սկսել՝ առնվազն երեք-չորս ուղղություններով, հատկապես թեժ է եղել հյուսիսային ուղղությունը, որտեղ օրվա ընթացքում թեժ մարտեր են տեղի ունեցել։ Ծավալուն հրետակոծությունից հետո հակառակորդն անցել է լայնամասշտաբ հարձակման՝ զրահատեխնիկայի կիրառմամբ։
«Երեւի թե ողջ պատերազմի ընթացքում ամենաթեժ մարտերից մեկն է եղել, որի ընթացքում Հայոց բանակն ապացուցել է, որ անկոտրում է։ Այսօր հայ զինվորը, պահեստազորն ու աշխարհազորը ցուցադրել են հրաշքներ»,- նշեց Հովհաննիսյանը։
Այս ընթացքում մեր ստորաբաժանումներին հաջողվել է հետ շպրտել հակառակորդին՝ պատճառելով էական կորուստներ։ Մեր ԶՈՒ-երի, կանոնավոր բանակի, պահեստազորի, աշխարհազորի, միասնական, համատեղ, փայլուն ու հերոսական գործողությունների շնորհիվ հաջողվել է կասեցնել հակառակորդի հարձակողական գործողությունները։
«Հակառակորդը որեւէ էական առաջխաղացում չունի՝ չնայած նրան, որ վերջին օրերին Ադրբեջանի ԶՈՒ-երը որդեգրել են հետեւյալ քաղաքականությունը․ հետախուզադիվերսիոն գործողություններով մերձռազմաճակատային տարբեր բնակավայրերում արագ ներթափանցումներ եւ տեղեկատվական ակցիաներ իրականացնել՝ դրոշներ պարզելով տարբեր շենքերի վրա, նկարվել՝ առաջին հերթին իրենց, ապա մեր հասարակության վրա հոգեբանական ազդեցություն ունենալու համար»,- ճեպազրույցի ժամանակ նշեց Հովհաննիսյանը։
Ըստ ՊՆ ներկայացուցչի՝ հրադադարի պայմանավորվածությունը փորձել են իրականացնել ընդամենը մեկ տեղամասում, թույլ են տվել վերցնել մի քանի դիակ։
«Մենք էլ ենք վերցրել, եւ անմիջապես դադարեցվել է գործընթացը, քանի որ հրադադարը խախտվել է, միջազգային երաշխիքները չեն պահպանվել»։
Հարցին թե ի՞նչ վիճակում է այս պահին Հադրութ քաղաքում Արծրուն Հովհաննիսյանը նշել է․ «Հադրութը եւս այնպիսի իրավիճակում է, որտեղ երբեմն ներթափանցում են ադրբեջանական դիվերսիոն խմբեր, որոնց դեմ մեր ԶՈՒ-երը պայքարում են, բայց քանի որ տեղանքը լեռնային է, անտառային է, կտրտված է, եւ այլն, նման խմբերի ներթափանցումը չի բացառվում»։
Ճեպազրույցի ընթացքում խոսվեց նաեւ հակառակորդի կողմից ԱԹՍ-ների կիրառման մասին։
«Աշխարհում ոչ մեկին չի հաջողվել ԱԹՍ-ների դեմ ունենալ միատեսակ միջոց, որը լիարժեք պաշտպանություն կապահովի։ Սրա մասին խոսվում է վերջին քսան տարում ողջ աշխարհում, ամենաառաջատար երկրներում, ամենաառաջատար ռազմական ակադեմիաներում։ Չկա ոսկե լուծում ԱԹՍ-ների դեմ, դրանք մինիատյուր տեխնոլոգիաներ են, կոմպլեքս լուծումներ պիտի կիրառվեն՝ հայտնաբերող, հավաստանշող, խոցող, պայքարող միջոցառումների ընդհանրություն։ Ժամանակակից պատերազմների ընթացքում ԱԹՍ-ները ամենաշատ գլխացավանք ներկայացնող զինատեսակներից են»։