կարևոր
1688 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-13 19:37

Արցախի ԱԻ պետական ծառայությունն արձանագրում է, որ Ադրբեջանը թիրախավորում է խաղաղ բնակչությանը

Արցախի ԱԻ պետական ծառայությունն արձանագրում է, որ Ադրբեջանը թիրախավորում է խաղաղ բնակչությանը

Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Սասուն Սարուխանյանն արձանագրում է, որ Ադրբեջանը թիրախավորում է խաղաղ բնակչությանը: Այս մասին Սարուխանյանն ասաց հոկտեմբերի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Ակնհայտ է, որ Ադրբեջանը, խախտելով Ժնևյան կոնվենցիաների կետերը, թիրախավորել է քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները: Արցախի հանրապետության ԱԻ պետական ծառայության աշխատակիցները պատերազմական և խաղաղ ժամանակահատվածում միշտ եղել են մեր բնակչության կողքին ու պատրաստ են իրենց կյանքի գնով օգնության հասնել  յուրաքանչյուրին»,- ասաց Սարուխանյանը:

Սասուն Սարուխանյանը հավելեց, որ ռազմական գործողությունների առաջին օրերից ապաստարաններում տեղավորված բնակչությունն ապահովվել է անհրաժեշտ սննդով, դեղորայքով ու այլ պարագաներով:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Շփման գծում ընթացող համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման  փաստեր:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարել են, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած հաստատվում է մարդասիրական նպատակով կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան: «Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն լրացուցիչ։ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինում բովանդակային բանակցությունների՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով: Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը»,- նշվել է հայտարարության մեջ։

Ադրբեջանը հոկտեմբերի 11-ից շարունակում է խախտել հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը: