կարևոր
1166 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-13 14:16

Ամփոփվել է հայաստանյան բուհերի միջազգայնացման խթանման ռազմավարություն դրամաշնորհային ծրագիրը

Ամփոփվել է հայաստանյան բուհերի միջազգայնացման խթանման ռազմավարություն դրամաշնորհային ծրագիրը

Եվրոպական միության «Էրազմուս+» շրջանակում իրականացված «Հայաստանյան բուհերի միջազգայնացման խթանման ռազմավարություն (BOOST)» դրամաշնորհային ծրագիրն ամփոփվել է  սեպտեմբերի 12-ին կայացած առցանց  համաժողովում: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

2016 թվականից մեկնարկած ծրագրի նպատակն է խրախուսել ՀՀ բարձրագույն կրթության հետագա միջազգայնացումը՝ մշակելով ազգային և ինստիտուցիոնալ քաղաքականության շրջանակ և գործիքակազմ: Ծրագրի իրականացման ընթացքում ձեռք են բերվել բարձրագույն կրթության միջազգայնացման որոշակի արդյունքներ: Մասնավորապես, մշակվել է բարձրագույն կրթության հնգամյա ռազմավարությունը և դրա իրականացման գործողությունների ծրագիրը, ստեղծվել է Study in Armenia էլեկտրոնային կայքը, նկարահանվել է նույնանուն հոլովակը, մասնակից բուհերը մշակել, իսկ գիտխորհուրդները հաստատել են բուհերի միջազգայնացման ընթացակարգերը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ողջունելով առցանց հավաքի մասնակիցներին ԵՄ «Էրազմուս+» դրամաշնորհային ծրագրի ավարտական համաժողովին, բարձրացրել է կրթության իրավունքի ոտնահարման խնդիրը, որն այժմ արձանագրվում է Արցախի և Հայաստանի հանդեպ սեպտեմբերի 27-ից սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով: Ներկայացնելով համավարակի և պատերազմի պատճառով առկա մարտահրավերները կրթական գործընթացներում՝ նախարարի տեղակալը նշել է, որ նախարարությունը և կրթական հաստատություններն առավելագույն ջանք են գործադրում կրթության իրավունքի իրացման, կրթության շարունակականության  ապահովման համար՝ բարեփոխումների օրակարգում առանձնահատուկ կարևորելով բարձրագույն կրթության միջազգայնացմանն ուղղված ծրագիրը: Ա. Մարտիրոսյանը նշել է, որ «Էրազմուս+» ծրագրի շրջանակում «Հայաստանյան բուհերի միջազգայնացման խթանման ռազմավարություն (BOOST)»  դրամաշնորհային ծրագրի ձեռքբերումներն զգալի են բարձրագույն կրթության որակի բարելավման և հայաստանյան բուհերի միջազգայնացման առումով և որ ԿԳՄՍ նախարարությունը հանձնառու է ապահովել  ծրագրի շարունակականությունը: Ըստ նախարարի տեղակալի՝ ակնհայտ է, որ կրթության միջազգայնացումն աշխարհում տիրող պանդեմիայի հետևանքով խաթարված է: Փոխելով միջազգայնացման ձևը՝  առաջնահերթությունը տրվելու է «Միջազգայնացում տնից» բաղադրիչին՝ նախկինում լայն կիրառություն ունեցող շարժունության փոխարեն:

Նշենք նաև, որ Եվրոպական միության «Էրազմուս+» կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում իրականացված «Հայաստանյան բուհերի միջազգայնացման խթանման ռազմավարություն (BOOST)» դրամաշնորհային ծրագիրը համակարգել է Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանը: Ընդգրկված են եղել նաև Հայաստանի Ամերիկյան Համալսարանը, Շիրակի պետական համալսարանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանը, իսկ պետության մասնակցությունն ապահովել են ԿԳՄՍ նախարարությունը, Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնը: Ծրագրի ԵՄ գործընկերներներն են  Իսպանիայի Կատալոնիայի պոլիտեխնիակական, ինչպես նաև Վերգիլիոսի և Ռովիրայի համալսարանները, Էստոնիայի Տալինի տեխնիկական համալսարանը, Շվեդիայի Կառավարական տեխնոլոգիական ինստիտուտը և Լիսաբոնի համալսարանը՝ Պորտուգալիայից: