կարևոր
1586 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-13 13:47

Թբիլիսիում հերքել են Հայաստան եւ Ադրբեջան ռազմական բեռների տարանցման հետ կապ ունենալու փաստը

Վրաստանի տարածքով ռազմական նշանակության բեռների տարանցումը Հայաստան եւ Ադրբեջան արգելված է, օդային տարածքը բաց է միայն հումանիտար եւ առեւտրային նպատակներով թռիչք իրականացնող ինքնաթիռների համար: Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Լաշա Դարսալիանը, հաղորդում է ТАСС-ը;

«Մենք եւս մեկ անգամ ցանկանում ենք հայտարարել, որ Վրաստանի տարածքով ռազմական տարանցում չի իրականացվում։ Ըստ փաստաթղթերի, որն ունի Վրաստանը, թռիչքները, որոնք իրականացվում են Վրաստանի օդային տարածքում, կրում են միայն հումանիտար եւ քաղաքացիական բնույթ եւ լիովին համապատասխանում են ԻԿԱՕ-ի (քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն) ստանդարտներին»,- մանրամասնել է պաշտոնյան։ 

Դիվանագետը նաեւ հավելել է, որ Վրաստանը նախկինի պես կատարում է իր միջազգային պարտավորությունները՝ կապված օդային միջանցքով հումանիտար բեռների բացթողման հետ, սակայն, եթե որեւէ փոխադրող չարաշահի դա, հանրապետության արձագանքը չի ուշանա եւ խախտողը կպատասխանի միջազգային իրավունքին համապատասխան:

Վրաստանի Անվտանգության խորհուրդը հոկտեմբերի 3-ին Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման կապակցությամբ որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել ռազմական նշանակության բեռների տեղափոխման թույլտվությունները ինչպես Հայաստան, այնպես էլ Ադրբեջան: Չնայած դրան, ժամանակ առ ժամանակ սոցիալական ցանցերում տեղեկատվություն է հայտնվում Վրաստանի տարածքով քաղաքացիական ինքնաթիռներով երկու երկրներ ռազմական բեռների տեղափոխման մասին: