կարևոր
1049 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-12 20:08

Պողոսյանը վստահ է՝ միջազգային հանրությանը ներկայացվում են բավարար փաստեր Ադրբեջանին պատժելու համար

Պողոսյանը վստահ է՝ միջազգային հանրությանը ներկայացվում են բավարար փաստեր Ադրբեջանին պատժելու համար

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի կարծիքով` Թուրքիան Ադրբեջանի միջոցով փորձում է տարածաշրջանը վերածել ահաբեկչական նոր օջախի: Այս մասին Պողոսյանն ասաց հոկտեմբերի 12-ին «Ազատություն ռադիոկայան»-ի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում:

«Մենք բոլորս կողմ ենք, որպեսզի Ադրբեջանն իսկապես միջազգային հանրության կողմից ստանա արժանի պատիժ, որովհետև այսօր արդեն ոչ միայն Հայաստանը, ոչ միայն Արցախը, այլ նաև միջազգային հանրությունը, տարբեր ուժային կենտրոններ, Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան և շատ այլ միջազգային կազմակերպություններ հայտարարել են, որ այս պատերազմում ներգրավված են ահաբեկիչներ և Թուրքիան Ադրբեջանի միջոցով փորձում է տարածաշրջանը վերածել ահաբեկչական նոր օջախի»,- ասաց Պողոսյանը:

Վահրամ Պողոսյանը նշեց, որ սա արդեն բավական լուրջ մեղադրանք է ուղղված Ադրբեջանին, քանի որ աշխարհը պայքարում է ահաբեկչության դեմ, և Արցախի նախագահն էլ բազմիցս հայտարարել է այս ընթացքում, որ Արցախը ներգրավված է հակաահաբեկչական պայքարի մեջ:

«Միջազգային հանրությունը պարտավոր է շատ գործնական քայլեր կիրառել: Փաստարկները շատ տարբեր են, այսօր մի մասը հրապարակման ենթակա են, մի մասը պարզապես ներկայացվում են համապատասխան կառույցներին: Ադրբեջանի զոհերի մեջ կան բավական մեծ թվով դիակներ, որոնք արտաքինով նման են այն մարդկանց, որոնք Սիրիայում մասնակցել են տարբեր ահաբեկչական գործողությունների: Այս մասին կան տեսանյութեր, որոնք կհրապարակվեն, բայց այժմ ներկայացվում են տարբեր կառույցների»,- նշեց Վահրամ Պողոսյանը: