կարևոր
1189 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-12 16:42

Ադրբեջանը դարձել է տարածաշրջանում միջազգային ահաբեկչության օջախ. Մնացականյան

Ադրբեջանը դարձել է տարածաշրջանում միջազգային ահաբեկչության օջախ. Մնացականյան

ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն անհրաժեշտ է համարում կանգնեցնել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները, որոնք իրականացվում են Թուրքիայի ուղիղ միջամտությամբ և Սիրիայից ու Լիբիայից Ադրբեջան բերված զինյալ ահաբեկիչների միջոցով: Այս մասին Մնացականյանը նշեց Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում՝ ընդգծելով, որ Ադրբեջանը դարձել է տարածաշրջանում միջազգային ահաբեկչության օջախ:

«Իրավիճակն արդեն դարձել է անվտանգության լուրջ սպառնալիք մեր ամբողջ տարածաշրջանի համար: Այն, ինչի հետ այսօր բախվել են մեր հայրենակիցները Լեռնային Ղարաբաղում, գոյութենական վտանգի մարմնացում է: Սեպտեմբերի 27-ից մինչև օրս Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը իրականացնում է լայնածավալ ագրեսիա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ, դրանով ցուցադրելով իր նպատակը` Լեռնային Ղարաբաղի հարցի ռազմական ճանապարհով լուծման և Արցախի ժողովրդի ֆիզիկական ոչնչացման: Այս ագրեսիան առանձնանում է նրանով, որ առկա է Թուրքիայի ուղիղ միջամտությունը, կան նաև Սիրիայից ու Լիբիայից Ադրբեջանում տեղակայված զինյալ ահաբեկիչներ, որոնց Թուրքիան օգտագործում է իր ռազմաքաղաքական ղեկավարության շահերի համար: Ադրբեջանը դարձել է տարածաշրջանում միջազգային ահաբեկչության օջախ: Այսօր մեզ պետք է դադարեցնել ռազմական գործողությունները, այդ հարցում Ռուսաստանի դերը բավական կարևոր է»,- ասաց Մնացականյանը:

Նախարարն ընդգծեց, որ Ադրբեջանը չի կատարում հոկտեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարների շուրջ 11 ժամ տևած հանդիպման արդյունքում ձեռք բերված կրակի դադարեցման պայմանավորվածությունը:

«Ադրբեջանը չի կատարում կրակի դադարեցման իր պարտավորությունները: Ադրբեջանն այսպիսի ցեղասպան քայլերով տարբերություն չի դնում զինվորականների և խաղաղ բնակչության միջև: Ասեմ ավելին` այն միտված է ավելի շատ քաղաքացիական բնակչության թիրախավորմանը: Ռազմական ագրեսիայի ընթացքում Ադրբեջանը թիրախավորել է Արցախի ավելի քան 120 քաղաքացիական բնակավայրեր: Այդ թվում` մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշի քաղաքը, Հադրութը, Մարտակերտը, Մարտունին և այլն:  Թիրախավորված քաղաքացիական բնակավայրերում ռազմական օբյեկտների բացակայությունը ևս մեկ անգամ խոսում է Ադրբեջանի նպատակադրված քայլերի մասին, ինչը հավասար է ռազմական հանցագործության»,- նշեց Զոհրաբ Մնացականյանը:

ՀՀ Արտաքին գործերի նախարարը հավելեց, որ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից Արցախին հասցվող օդային, հրետանու, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի հարվածներն իրականացվում են Թուրքիայի ռազմաօդային ուժերի անմիջական աջակցությամբ ու պատսպարմամբ:

«Թուրքիայի ավիացիայի աջակցմամբ օդային, հրետանու, հարվածների հետևանքով կան բազմաթիվ քաղաքացիական զոհեր, կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ Ադրբեջանի կողմից կասետային ռումբերի կիրառման հետևանքով: Հոկտեմբերի 10-ի դրությամբ` Ադրբեջանի ԶՈՒ-ի և նրան աջակցող ուժերի կողմից սպանվել է 23 քաղաքացիական անձ և հարյուրավորները ստացել են վնասվածքներ, նրանցից 81-ը` ծանր: Ագրեսիայի հետևանքով մեծացել է տեղահանվածների թիվը, նրանց մի մասը տեղափոխվել է Արցախի այլ բնակավայրերը, ոմանք` տեղավորվել են Հայաստանում: Քաղաքացիական ենթակառուցվածքները ևս ծանր վնասներ են կրել: Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն երկու հարված է հասցրել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն»,- ասաց ՀՀ արտգործնախարարը:  

Մնացականյանը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում ՌԴ ջանքերը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում, իսկ Հայաստանը եղել և մնում է հարցի խաղաղ կարգավորման կողմնակից:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Շփման գծում ընթացող համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման  փաստեր:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարել են, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած հաստատվում է մարդասիրական նպատակով կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան: «Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն լրացուցիչ։ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինում բովանդակային բանակցությունների՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով: Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը»,-նշվել է հայտարարության մեջ։ Համաձայնության ուժի մեջ մտնելու առաջին րոպեներից Ադրբեջանը խախտել է այն՝ հրթիռային և հրետանային հարվածներ հասցնելով և քաղաքացիական բնակավայրերին և առաջնագծին: