կարևոր
957 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-12 13:58

Էրիկ Իսրաիլյանը աշխարհի հայերին հորդորել է շարունակել մարդասիրական օգնությունն Արցախին

Էրիկ Իսրաիլյանը աշխարհի հայերին հորդորել է շարունակել մարդասիրական օգնությունն Արցախին

Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանն անդրադարձել է Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններին՝  աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերին կոչ անելով շարունակել բարձրաձայն խոսել ադրբեջանական ագրեսիայի մասին և ներկայացնել ճշմարտությունը: Նա հորդորել է շարունակել մարդասիրական աջակցություն ցուցաբերել Արցախին:

Պրոդյուսերը «Ինստագրամ»–ի իր պաշտոնական էջում շնորհակալություն է հայտնել բոլոր հայերին, որոնք շարունակում են տարածել ճշմարիտ լուրեր:

«Դա բերում է դրական փոփոխությունների: Մենք տեսնում ենք, որ աշխարհի տարբեր երկրների կառավարություններ, մարդու իրավունքների գրասենյակներ, կազմակերպություններ, լրագրողներ ու ազդեցիկ առաջնորդներ ուշադրություն են դարձնում  ճշմարտությանը»,- գրել է Իսրաիլյանը:

Նա ընդգծել է, որ մենք չենք լռել, երբ խոսքը գնում է հայերի՝ իրենց հնամյա հայրենիք Արցախում էթնիկ զտման մասին:

«Ես աղոթում եմ խաղաղության համար, և մենք կարող ենք դրան հասնել, եթե դուք շարունակեք ավելի ակտիվ բարձրաձայնել խնդրի մասին: Կապ հաստատեք ձեր կառավարությունների առաջնոդների հետ, խաղաղ երթեր կազմակերպեք, արեք այն, ինչ կարող եք: Ես փաստացի գիտեմ, որ դա աշխատում է»,- շեշտել է պրոդյուսերն ու կարևորել նաև Արցախին մարդասիրական օգնություն ցուցաբերելու  պատրաստակամությունն ու անհրաժեշտությունը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվում են քաղաքացիական անձինք: Շփման գծի ողջ երկայնքով ընթանում են համառ մարտեր, երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Ադրբեջանի զինուժը թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման  փաստեր: